Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս Մայիլյան. «Կարեւոր է, որ ԼՂՀ ընտրությունները մրցակցային են եղել»

Մայիս 12,2015 17:44

Կովկասի ինստիտուտը մայիսի 12-ին կազմակերպել էր «Լեռնային Ղարաբաղ. Ընտրություններ զինադադարի պայմաններում» թեմայով կլոր սեղան: Կլոր սեղանի բանախոսներն էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության նախկին փոխնախարար, Արցախի արտաքին քաղաքականության եւ հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանը եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Անդրադառնալով մայիսի 3-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին Մասիս Մայիլյանը կարեւորեց այն հանգամանքը, որ ընտրությունների ընթացքում ընտրողները ակտիվ են եղել. «Կարեւոր է, որ ընտրությունները մրցակցային են եղել, բայց մրցակցությունը եղել է ոչ միայն ոչ իշխանական եւ իշխանական կուսակցությունների միջեւ, այլ նաեւ կոալիցիա կազմած իշխանական կուսակցությունների միջեւ: Դա բացատրվում է նրանով, որ 2017 թվականին Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրություններ են նախատեսված»:

Նա նշեց, որ սպասվում է՝ իշխանական կուսակցությունները՝ «Ազատ հայրենիքը», Ազգային ժողովրդավարական եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները կշարունակեն իրենց համագործակցությունը: ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովում ընտրված ընդդիմադիր կուսակցությունները կներկայացնեն չորս պատգամավոր՝ երեք պատգամավոր՝ «Շարժում-88»-ը եւ մեկ պատգամավոր՝ Ազգային վերածնունդ կուսակցությունը, նա հավելեց, որ խորհրդարանում ներկայացված կլինեն մեծամասնականով ընտրված առնվազն չորս պատգամավոր, որոնք օգտագործել են ընդդիմադիր հռետորաբանություն:

Պարոն Մայիլյանն ընդգծեց, որ ընդդիմադիր «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը, որն ընտրությունների ընթացքում չէր հաղթահարել նվազագույն շեմը, նախընտրական քարոզարշավի ընթացքում յուրահատուկ ձեւով էր ներկայացել. ««Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը հետաքրքիր ձեւ է օգտագործել, մեծ ձգտումներ չի ունեցել. վեց հոգանոց ցուցակով են ներկայացել ընտրություններին: Իրենց եթերային ժամը օգտագործել են մարդու իրավունքների մասին իրազեկելով, այսինքն՝ սա նոր մշակույթ է նոր ձեւ է Արցախում, եւ դա իր դրական արդյունքները տվել է»:

Մասիս Մայիլյանը նկատեց, որ 2010 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Freedom house» կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղը գնահատել էր որպես ոչ ազատ երկիր, սակայն 2012 թվականի նախագահական ընտրությունների մրցակցային լինելու շնորհիվ կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղը գնահատել էր որպես մասամբ ազատ երկիր. «Ես ակնկալում եմ, որ մենք կպահպանենք այդ մակարդակը, կամ կարող է բալերի տարբերություն լինի դեպի աճ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031