Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում սեփական երաժշտությունը ներկայացնելը դժվար է». կոմպոզիտոր

Մայիս 12,2015 17:34

«Հայաստանում հետաքրքրությունը ալտի և թավջութակի նկատմամբ միշտ էլ եղել է: Դպրոցներում մենք թավջութակահարների պակաս ընդհանրապես չունենք, Կոնսերվատորիայում էլ ալտահարների պակաս չունենք»,- վստահեցնում է ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր, թավջութակահար Արամ Թալալյանը:

Երաժիշտները, ըստ Ա. Թալալյանի, ալտն ընտրում են համեմատաբար ավելի հասուն տարիքում՝ սովորաբար ջութակից անցնելով ալտի, իսկ ջութակը, թավջութակն ավելի վաղ տարիներից են ընտրում:

Ա. Թալալյանի համոզմամբ՝ երաժշտական այս գործիքների նկատմամբ հետաքրքրության աճին էլ ավելի է նպաստում Թալալյան եղբայրների անվան հանրապետական ամենամյա փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարը ինքն է:

1

«Փառատոնը սկզբում միայն թավջութակի համար էր, հետո ավելացրինք ևս մեկ գործիք՝ ալտը, որի հետ խնդիր ունեինք զուտ քանակի առումով, այլ ոչ թե հետաքրքրության. հետաքրքրությունը միշտ էլ եղել է, բայց այս ծրագրի շնորհիվ՝ կոմպոզիտորները սկսեցին ավելի շատ ստեղծագործություններ գրել ինչպես թավջութակի, այնպես էլ ալտի համար: Եվ շատ ուրախալի է, որ երեխաներն էլ սկսեցին ավելի շատ հետաքրքրվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Թալալյանը:

Թալալյան եղբայրների անվան հանրապետական փառատոնի այս տարվա մեկնարկին հաշված օրեր են մնացել:

Արդեն 6-րդ անգամ անցկացվող փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Փառատոնի շրջանակներում մինչև հուլիսի 15-ը նախատեսվում է համերգային ծրագրերի շարք՝ «Իսպանական երաժշտության երեկո», «Համերգ՝ նվիրված Համաշխարհային երկու պատերազմների անմեղ զոհերի հիշատակին», «Դասական կամերային ստեղծագործություններ», «Կամերային երաժշտության երեկո Մարինա Մանուկյանի հետ», ինչպես նաև համերգներ՝ նվիրված Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 95, Գագիկ Հովունցի 85, Ռուբեն Սարգսյանի 70, Վարդ Մանուկյանի 60 և Սուլխան Ցինցաձեի 90 ամյակներին:

Նշենք, որ բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Փառատոնի տնօրեն, դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի տեղեկացմամբ՝ փառատոնի այս տարվա հյուրերն են ջութակահարներ Բորիս Լիֆշիցը (Շվեյցարիա), Անի Բատիկյանը (Մեծ Բրիտանիա), Մարինա Մանուկյանը (ԱՄՆ), դաշնակահար Ալֆրեդո Մոնտերոն և ուրիշներ:

Փառատոնն այս տարի ևս կհամագործակցի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, ալտահար Վաչե Հովեյանի գնահատմամբ՝ Թալալյան եղբայրների անվան հանրապետական փառատոնն իր ուրույն տեղն ունի մեր մյուս փառատոների մեջ. «Նաև այն առավելությունն ունի, որ նվագողներից շատերը ՀՀ քաղաքացիներ են: Ես՝ որպես մշակույթի նախարարի խորհրդական, սա շատ եմ կարևորում, որովհետև մենք ուզում ենք, որ Հայաստանի երաժիշտները միշտ բեմում լինեն, ավելի շատ միջոցառումների մասնակցեն»,- նշեց Վ. Հովեյանը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վարդ Մանուկյանը, որը, ինչպես վերևում նշեցինք, այս տարվա հոբելյար կոմպոզիտորներից է, իր ուրախությունն արտահայտեց, որ իր՝ ալտի և թավջութակի համար գրված կրկնակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան հենց այս փառատոնի շրջանակներում է կայանալու: Համաշխարհային պրեմիերան Գերմանիայում է եղել: Ու թեև հանդիսատեսը շատ լավ է ընդունել այն, բայց Վ. Մանուկյանը, այնուամենայնիվ, մտահոգ է, թե ինչպես կընդունի հայաստանցի հանդիսատեսը. «Հուզվում եմ, որովհետև հայկական բեմում նոր ստեղծագործություն ներկայացնելը բավականին պատասխանատու բան է: Հայաստանում սեփական երաժշտությունը ներկայացնելը դժվար է, որովհետև մենք՝ հայերս, խիստ քննադատաբար ենք մոտենում շատ հարցերի»,- ասաց Վ. Մանուկյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031