ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենք սկսում են հանդիպումների շարք՝ կառավարության անդամների եւ այլ գերատեսչությունների ղեկավարների հետ՝ տարբեր ոլորտներին առնչվող խնդիրները, մտահոգությունները քննարկելու համար: Առաջին հանդիպումը տեղի կունենա վաղը, գյուղատնտեսության նախարարի հետ, քանի որ գյուղատնտեսության ոլորտին առնչվող բազում խնդիրներ կան, որոնց վերաբերյալ ԲՀԿ պատգամավորները ցանկանում են ստանալ ոլորտի պատասխանատուի՝ նախարարի պարզաբանումները:
Նաիրա Զոհրաբյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունը, արդեն իսկ ինքը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ՝ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված խնդիրները քննարկելու համար: Հաջորդ հանդիպումը խմբակցությունում նախատեսված է Ռոբերտ Նազարյանի հետ, օրը ճշտվում է:
Ի դեպ, Միքայել Մելքումյանը եւ Նաիրա Զոհրաբյանը երեք օր առաջ շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որը ենթադրում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է իր հաշվետվության պարբերականությունը Ազգային ժողովին ավելացնի:
ԲՀԿ խմբակցություն հրավիրվելու են բոլոր այն նախարարները, որոնց ոլորտների հետ կապված կան հանրությանը հուզող հարցեր եւ խնդիրներ, այդ թվում նաեւ՝ կառավարությանն առընթեր տարբեր գերատեսչությունների ղեկավարներ: