Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոսանքի թանկացման մասին. «Հանձնաժողովը թատրոն է, սակարկում է՝ շատ ասենք՝ քիչ տանք, 17 դրամով չի թանկանա»

Մայիս 12,2015 17:16

Էլեկտրաէներգիան դժվար թե 17 դրամով թանկանա, ավելի քիչ կթանկացնեն: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն (լուսանկարում) անդրադառնալով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությանը, ըստ որի, էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են հանձնաժողով՝ սակագների (վճարների) վերանայման հայտերով:

Նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության արած հայտարարության համաձայն, առաջարկվում է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 17.8 դրամով բարձրացնել:

Աշոտ Խուրշուդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սակագինը 17 դրամից ավելի քիչ կբարձրացնեն. Սա սովորական խեղկատակություն է, եւ միշտ էլ այդպես է լինում:
Այսինքն, ըստ Խուրշուդյանի, սակարկային ռեժիմ է՝ շատ ասենք՝ քիչ տանք. «Բայց ամեն ինչ կոնկրետ հաշվարկով հիմնավորված պետք է լինի, ոչ թե ինչ-որ կեղծ բազարի պես սակարկեն ու գին որոշեն: Այս թատրոնը վաղուց կա, եւ իրականում, թատրոն է այն առումով, որ տնտեսությունն ու բնակչությունը ամբողջ էներգետիկ համակարգի գերին կարծես լինեն: Հիմնվելով այն հանգամանքի վրա, որ ժամանակին էներգետիկ ճգնաժամ ենք ունեցել, անվտանգությունը գերնպատակ սահմանելով՝ ոլորտն ոտքից գլուխ դարձել է անարդյունավետ, եւ մենք, այսպես ասած՝ վախից, որ կարող է էներգետիկ խնդիրներ ունենանք, ամեն ինչին համաձայնվում ենք»:

Պարոն Խուրշուդյանը նկատեց, որ մեր կառավարության քաղաքականության մեջ բացակայում է ամենակարեւոր հանգամանքը՝ ընդհանրապես ռազմավարություն չկա՝ թե մեր էներգետիկ ապագան ինչպիսին է լինելու: Խուրշուդյանի ներկայացմամբ՝ վատ ու անարդյունավետ կառավարման, կոռուպցիոն համակարգ է , որտեղ պարզապես գումարներ են գանձվում, պարզ չէ վերահսկողություն ինչպես է լինում, ուստի տնտեսությունն ու բնակչությունը դարձել են այս համակարգի գերին:

«Պարզ ասած՝ անգամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում չենք կարող գտնել որեւիցե հաշվարկ այն մասին, թե ամբողջ համակարգում ինչպես են ձեւավորվում գները, հաշվարկ գոյություն չունի: Որոշակի թվեր են կորուստների մասին, որոնք անընդհատ տատանվում են, բայց ի՞նչ հիմքով, ինչպե՞ս է հաշվարկված, ոչինչ չկա գրված: Կառավարության թերությունն այն է, որ էներգետիկայի նախարարությունն, այսպես ասած, ձեռքերը լվացել է, ինքը չի կարգավորում, անկախ հանձնաժողովը պետք է կարգավորի, հանձնաժողովն էլ պետք է պաշտպանի հիմնականում սպառողների շահերը՝ արտադրողներից, ինչը տեղի չի ունենում: Հանձնաժողովը առաջնորդվում է արտադրողների շահերից ելնելով, եւ դառնում է մի խեղկատակ վիճակ, որ պատասխանատվություն կիսող չկա, հանձնաժողովն էլ առաջնորդվում է նրանով, որ էներգետիկ համակարգը կորուստներ չունենա»,-ասաց Խուրշուդյանը:

Տնտեսագետը նաեւ նկատեց, որ չկա մի մեխանիզմ, չկա մեկը, որ հարց դնի՝ ինչո՞ւ է այդ համակարգն այդքան անարդյունավետ աշխատում: Պարոն Խուրշուդյանը էներգետիկ ոլորտում ռազմավարություն ունենալու կարեւորությունը հիմնավորում է հետեւյալ օրինակով՝ Հայաստանում տարբեր սակագներ ու էլեկետրաէներգիայի տարբեր աղբյուրներ կան՝ էժանը՝ Որոտանի ՀԵԿ-երի համակարգն է, ատոմակայանը, եւ այլն. «Բայց նման դեպքերում հնարավոր է հոսանքի գինը ցածր պահել, եթե սպառումը մեծ լինի: Հայաստանը վաղուց որդեգրել է գազի սպառման քաղաքականությունը, որի հետեւանքով հոսանքի սպառումն անկում է ապրել: Սա նշանակում է, որ գազի վրա շեշտ դնելու քաղաքականության հետեւանքով մենք ընդունում ենք, որ էլեկտրաէներգիայի սակագինը ցածր պահել չենք կարող: Հակասություն կա այդ երկու ռազմավարությունների միջեւ, իսկ սա պետք էր շատ վաղուց հաշվարկել, կանխատեսել, հասկանալ, եւ իրավիճակը ճիշտ պլանավորել: Մինչդեռ ոչ մի հաշվարկ ու ոչ մի ռազմավարություն էներգետիկայի նախարարության ոչ մի փաստաթղթում չեք գտնի՝ ապագա հաշվարկների, ապագա կանխատեսումների, եւ ընդհանրապես, դեպի ո՞ւր ենք գնում: Իսկ թե թանկացումն ի՞նչ ազդեցություն կունենա, նորից կրկնեմ՝ մենք գերին ենք այս համակարգի, ուրեմն պետք է գոտիներս ձգենք համապատասխան ծախսերում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031