Հայտնի են այն քաղաքական ուժերը, որոնք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝ Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել: Հանձնաժողովն առաջարկություններ է ստացել 14 ուժերից ՝մասնավորապես Դաշնակցությունից, ՀՀԿ-ից, ՕԵԿ-ից, ՄԱԿ-ից, ԱԻՄ-ից, ՍԻՄ-ից, «Ազգային միաբանությունից», Դեմկուսից, ՀՔԴՄ-ից, նախկին ՀԱԿ դաշինքի անդամ «Ազատություն» և «Հայոց հայրենիք» կուսակցություններից:
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քննադատել էր այս գործընթացում ընդգրկվելը. «Արդեն ընդգրկվելը այս գործընթացի մեջ, առաջարկներ ուղարկել, քննարկել, երբ մենք գործ ունենք ամենաակնհայտ ուզուրպացիայի, իշխանության ակնհայտ մի ձգտման հետ, միայն մասնակցելն այդ քննարկումներին դնում է բոլորին այդ կատեգորիայի մեջ: Սա դառնալու է մեր քաղաքական օրակարգի գլխավոր բովանդակությունը այս ամիսներին: Մեր քաղաքական համակարգի հիմնական հարցը դառնալու է այն հարցը՝ Սերժ Սարգսյանն իր անձնական իշխանությունը հավերժացնելո՞ւ է, թե` ոչ: Հանրաքվեով ժողովուրդը լուծելու է այն հարցը, որ Սերժ Սարգսյանը անվերջ, հավերժորեն իշխի հայ ժողովրդի՞ն, թե՞ մերժի` վերածելով այդ հանրաքվեն Սերժ Սարգսյանի ռեժիմին անվստահություն հայտնելու գործընթացի»:
Aravot.am-ը Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց` թեև քննադատում է գործընթացին մասնակցելը, բայց հանձնաժողովին առաջարկներ են ներկայացրել նաև նախկին ՀԱԿ դաշինքի անդամ «Ազատություն» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները, ապա ինչպե՞ս կմեկնաբանի այս հանգամանքը, Պարոն Զուրաբյանն ասաց, որ տեղյակ չէ այդ մասին:
Դառնալով կուսակցություններին` նշեց, թե «Հայոց հայրենիք» կուսակցությունը լուծարվել է, երբ մուտք է գործել ՀԱԿ դաշինք: «Ազատություն» կուսակցության ներկայացրած առաջարկի մասին ասաց. «Ես այդ մասին տեղյակ չեմ և չեմ ցանկանում մեկնաբանել, մինչև չիմանամ, թե ինչ է եղել: Առաջարկ ներկայացնողների ցանկը չեմ նայել, բայց գիտեմ, որ մեր գործընկերները չեն ներկայացրել»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք` իսկ ե՞րբ կունենա բավարար տեղեկատվություն «Ազատություն» կուսակցության առաջարկների մասին, պարոն Զուրաբյանն ասաց. «Երբ ժամանակ ունենամ, դրանով կզբաղվեմ: Հավատացեք, որ հիմա շատ ավելի կարևոր ու հրատապ գործեր ունեմ»:
Մեր այն դիտարկմանը` այդ ինչպե՞ս է պատահել, որ տեղյակ չի եղել այն մասին, որ այս կուսակցությունները առաջարկներ են ներկայացնելու, շփում չկա՞ նախկին ՀԱԿ դաշինքի անդամ կուսակցությունների հետ, պարոն Զուրաբյանն արձագանքեց. «Բայց ինչո՞ւ պետք է տեղյակ լինեի, կամ ինչո՞ւ պիտի բոլոր 18 կուսակցությունների գործունեությանը հետևենք: Ում հետ կապեր պահպանում ենք, ում հետ` ոչ, ի՞նչ, տարօրինակ բա՞ն է դա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ