Լրահոս
Օրվա լրահոսը

Ալաշկերտի երեխաների թունավորման վարկածները

Մայիս 12,2015 14:55

Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից հոսպիտալացված երեխաների թունավորման պատճառները դեռ հայտնի չեն: Առողջապահության նախարարությունից Aravot.am-ին ասացին, որ առայժմ լաբորատոր հետազոտություններ են կատարվում՝ երեխաների թունավորման պատճառը պարզելու համար:

Aravot.am-ը Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանից հետաքրքրվեց, արդյոք երեխաների թունավորումը տեղի է ունեցել մանկապարտեզո՞ւմ, քանի որ բոլոր հիվանդները երեխաներ են, եւ այն սննդի՞ թե ջրի միջոցով տեղի ունեցած թունավորում է: Պարոն Վանյանն ասաց, որ 6 երեխաները հոսպիտալացվել են տներից, մնացածը բակային այցից հետո են հայտնաբերվել. «Մենք դիտարկում ենք բոլոր վարկածները, նաեւ՝ մանկապարտեզի: Ինչ վերաբերում է թե ինչից են թունավորվել, կրկին ուսումնասիրում ենք բոլոր վարկածները, գուցե ոչ սննդից է, ոչ էլ՝ ջրից, գուցե երկրորդային աղտոտվածություն է եղել, կենցաղակոնտակտային, բոլոր վարկածները դիտարկում ենք: Առայժմ որեւէ ստույգ պատճառ չենք կարող նշել, եթե անգամ որոշակի վարկած նշեմ, հնարավոր է հետազոտության վերջնական տարբերակով այդ վարկածը հերքվի: Այնպես որ, միայն վերջնական հետազոտությունից հետո կարող ենք տեղեկատվություն տալ թունավորման պատճառի մասին»:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ից 10-ը Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 6 երեխա Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից, հետո եւս 5 թունավորված երեխան են հայտնաբերվել առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները: Բոլորի մոտ նույն ախտանշաններն են եղել՝ լուծ, փսխում, ջերմություն, ընդհանուր թուլություն:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան 5 երեխա լավացումով դուրս է գրվել հիվանդանոցից։ Մնացածի վիճակը գնահատվում է համեմատաբար բավարար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031