Լրահոս
Օրվա լրահոսը

Ճաղավանդակներով հոգեբուժարանները հիվանդների ու հասարակության վրա բացասաբար են ազդում (Տեսանյութ)

Մայիս 12,2015 14:52

Aravot.am-ի այն հարցին, թե հասարակության մեջ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ խարան ու խտրականություն են առաջացնում նաեւ մեկուսացված, ճաղավանդակներով փակված հոգեբուժարաններն ու այդ հիվանդներին մեկուսացնելու մեթոդները, որոնք մեր երկրում դեռեւս պահպանվել են խորհրդային տարիներից, ՀՀ գլխավոր հոգեբույժ, Սամվել Թորոսյանը, որը նաեւ Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենն է, ասաց. «Համամիտ եմ, ինչ-որ ժառանգել ենք սովետական տարիներից իրենց բացասական հետքը թողնում են, եւ իհարկե, լավագույն տարբերակը կլինի, որ մեր ծառայությունները ինտեգրվեն բազմապրոֆիլային հիվանդանոցում` որպես բաժանմունք, որ չլինի առանձին հոգեբուժարան, այլ ուղղակի բաժանմունք` ինչպես վիրաբուժական եւ այլն: Մենք դրան ենք ձգտում եւ մեր ծրագրերում դա էլ կա»:

Այսօր եւ վաղը Երեւանում տեղի կունենա համաժողով` հոգեկան առողջության թեմաներով, որին կմասնակցեն աշխարհի 24 երկրներից այդ ոլորտի մասնագետներ: Այդ առիթով, այսօր «Հայացք» մամուլի ակումբում Համաշխարհային սոցիալական հոգեբուժության ասոցիացիայի նախագահ, Թոմաս Գրեյգը, որը նաեւ պրակտիկ բժիշկ է աշխատել, ասաց, թե իր հիվանդների մեծ մասը շատ խելացի են, կրթված, պարզապես նրանց բախտը չի բերել:

Մասնագետը վստահեցնում է, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ կարող են առանց անկողին գրավելու ստանալ իրենց խնամքի ծառայությունները:

Այսօր արդեն աշխարհի շատ երկրներ ոչ թե հսկայական ծախսեր են կատարում` հոգեբուժարաններ պահում, այլ ապահովելով խնդիր ունեցող անձի դեղորայքը եւ այլ սոցիալական աջակցությունը` նրանց համար նորմալ կենսակերպ են ապահովում:

Թոմաս Գրեյգը նաեւ ասաց, որ այսօր քրեակատարողական հաստատությունները «լիքն են հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդկանցով», սակայն մասնագետը կարծում է, որ դա նրանց տեղը չէ. «Հիմա մենք համոզում ենք քրեակատարողականի ղեկավարներին, որ թույլ տան նրանց հետ մենք աշխատենք»:

Հարցին, թե հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ պարբերաբար դեղորայքի, հոգեբուժարաններում` սննդի հետ կապված խնդիրներ են ունենում, ինչի մասին իր զեկույցներում նշում է նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, Սամվել Թորոսյանն ասաց, որ դեղորայքի հարցը կառավարությունը լուծել է, իսկ սննդի մասով հիվանդները խնդիրներ չեն ունենում, եւ որ նրանց բարձր կալորիականությամբ սնունդ է մատակարարվում:

Մասնագետները նշեցին, որ 21-րդ դարում ամենաառաջին տեղում են եւ դեռ կլինեն դեպրեսիաները: Հարցին, թե ինչպե՞ս պահպանել հոգեկան առողջությունը, մասնագետները մեկը մյուսին լրացնելով նշեցին. «Մարմնամարզությամբ զբաղվեք, որը իդեալական անտիդեպրեսանտ է, մեծ ընկերություն, շրջապատ ունեցեք, սիրեք, ժպտացեք: Արեւի լույսը նույնպես կարեւոր է, արձակուրդներ գնացեք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031