Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձորում 49-ամյա կնոջ սպանության հանգամանքները պարզվել են. գործը դատարանում է

Մայիս 12,2015 14:28

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի բնակչուհի Նատալյա Սերգեևայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

2014 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12:10-ին, Վանաձոր քաղաքի Թամանցիների 2Բ հասցեի տան բակում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության անձնակազմի կողմից հայտնաբերվել էր նույն հասցեի բնակչուհի, 25.10.1965 թվականին ծնված Ն.Սերգեևայի դիակը՝ գլխի շրջանում բազմաթիվ պատռված վերքերով:

49-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության վարույթում կատարված նախաքննությամբ պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, սպանության հանգամանքները։ Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Վանաձորի 64-ամյա բնակիչը մտերմացել է իր հարևանուհու՝ ազգությամբ ռուս մի կնոջ հետ, նրա հետ մասնակցել գինարբուքներին, դարձել բաժակընկերը, այնուհետև փաստացի ամուսնացել և բնակվել են միասին: Քննության տվյալներով՝ տղամարդը մանկահասակ տարիքում զրկվել է տեսողությունից և տարիների ընթացքում մյուս զգայարաններն աստիճանաբար զարգացնելով՝ սովորել է առանց ձեռնափայտի ազատ տեղաշարժվել և շփվել հասարակության հետ:

Նախաքննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համատեղ բնակվելու ընթացքում պարբերաբար միասին խմելուց հետո գինովցած տղամարդը հայհոյել և ծեծել է կնոջը։ 2014թ. դեկտեմբերի 24-ի ուշ երեկոյան տանը հերթական գինարբուքից հետո տղամարդը վիճաբանել է Նատալյայի հետ, իսկ դեկտեմբերի լույս 25-ի գիշերը՝ ժամը 01:00-ից մինչև 03:00-ն ընկած ժամանակահատվածում, բութ, կարծր առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին և սպանել, ապա թևատակերից բռնած, դիակը քարշ տալով դուրս է բերել տնից, իջեցրել բակ, իսկ ինքը գնացել իր տուն:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 64-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն, քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031