Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանի որդուն, մերձավորին առեւանգել են, ստիպել են զիջումների գնալ». Հարությունյանի բացահայտումները

Մայիս 12,2015 14:18

Իշխանությունները ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ստիպել են հեռանալ քաղաքականությունից՝ նրա որդուն առեւանգելով ու սպառնալով: Այս տեղեկությունները «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին պատմել է նախկին ԲՀԿ-ական: Ի դեպ, նույն նախկին ԲՀԿ-ականը, որի անունը Արամ Հարությունյանը ոչ մի կերպ չհամաձայնեց հրապարակել, պատմել է նաեւ, որ Ծառուկյանի նկատմամբ ճնշումներ ու սպառնալիքներ են եղել նաեւ 2011-ին: Այն ժամանակ առեւանգել են Ծառուկյանի մերձավորներից մեկին (նրա անունը նույնպես Հարությունյանը չցանկացավ հրապարակել) ու վերադարձրել միայն կոալիցիոն հուշագիրը ստորագրելուց հետո:

«Այս անգամ սպառնալիքները կուլիսների հետեւից չէին, հրապարակային ելույթ էր, նախագահի ելույթը, որը Սահմանադրության կոպտագույն խախտում էր, այսինքն նախագա՞հը պետք է որոշի՝ ով է զբաղվում քաղաքականությամբ, ով՝ ոչ»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Արամ Հարությունյանը:

Նա վստահ է՝ «Հենց այնպես Ծառուկյանը չէր կարող ասել՝ «իմ կյանքի նպատակը այս չարիք դարձած իշխանությունից օր առաջ ազատվելն է» ու հաջորդ օրը հայտարարել՝ հեռանում է քաղաքականությունից: Այսինքն, հիմա ի՞նչ ,աննպատա՞կ է ապրում: Նա պատվախնդիր մարդ էր ու ծնկները կարող էին ծալվել, եթե լուրջ սպառնալիք լիներ ընտանիքի անդամների նկատմամբ: Փաստերի իմաստով իմ ձեռքին ընդամենը Ծառուկյանի ելույթներն են, իսկ որպես տրամաբանական թեորեմ կարող եմ դա ապացուցել»:

Ինչու է քաղաքական դաշտը հանգստի մեջ ու ճգնաժամային վիճակում: Այս հարցերի պատասխանները գտնելու համար պարոն Հարությունյանը կարծում է՝ պետք է հետ գնալ մի քանի ամիս առաջ ու հիշել՝ ինչու այդպես եղավ:

Նա փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԲՀԿ-ի, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին որակեց հակասահմանադրական. «Այդ մասին բարձրաձայնեցին ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ նախագահները»:

Նրա խոսքով, իրենց կուսակցությունը նախատեսել է կլոր սեղան քննարկումներ, որտեղ քննարկվելու են Սերժ Սարգսյանի ելույթի սահմանադրականությունը, նույնիսկ ստորագրահավաք են սկսելու, ապա Սահմանադրական դատարան են դիմելու՝ վիճարկեն նախագահի ելույթի սահմանադրականությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031