Այսօր՝ մայիսի 12-ին, «Նոյյան տապանում» հրավիրված ասուլիսը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախաձեռնած եւ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված «Այլեւս երբեք» կինոցուցադրությունների ծրագրի թեմայով էր: «Ոսկե ծիրանը», ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ, Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված՝ տարբեր երկրներում կազմակերպել է ու շարունակելու է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Ինչպես արդեն նշեցինք, ծրագիրը կրում է «Այլևս երբեք» խորագիրը: Ներկայացված էին 20-ից ավելի հայ եւ արտասահմանցի ռեժիսորների ֆիլմեր:
Շնորհիվ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կապերի եւ գործընկեր փառատոների հետ սերտ համագործակցության՝ «Այլևս երբեք» ծրագիրը հնարավոր դարձավ ներկայացնել տարբեր միջազգային հեղինակավոր կինոփառատոների պաշտոնական ծրագրերում: Հայաստանից մեկնած պատվիրակության ներկայացուցիչները, որոնց թվում էին պատմաբաններ, կինոքննադատներ, ռեժիսորներ, ֆիլմերի ցուցադրությունից առաջ ներկայացնում էին ծրագրի նպատակն ու առաքելությունը, ապա ֆիլմի ավարտից հետո պատասխանում հանդիսատեսի հարցերին:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ճանաչված կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն ուրախ է, որ իրենց այս ծրագիրը հաստատվել է, փաստում է՝ 100-րդ տարելիցի առիթով եղել են եւ լավ, եւ վատ ծրագրեր, անգամ անպատվաբերները: «Ցանկացանք այս ծրագրով ասել, որ կանք եւ ապրելու ենք: Հանդիսատեսի 85-90%-ը օտարազգիներ էին, որոնք հետաքրքրված էին մեր պատմությամբ ու ֆիլմերով, աշխարհի լավագույն թերթերում տպագրվեցին հոդվածներ ցեղասպանության թեմայով ֆիլմերի ու ցեղասպանության մասին: Ծրագրում կային նաեւ թուրքերի նկարած ֆիլմեր՝ ի նպաստ Հայոց ցեղասպանության»,-նշեց պարոն Խաչատրյանը:
Հարություն Խաչատրյանի ֆիլմերը նույնպես կային այդ ծրագրերում: «Հայ ազգը երբեք այսպիսի մեծածավալ ակցիա չէր արել իր ցավի մասին ու նաեւ հպարտության մասին»,-ասաց պարոն Խաչատրյանը:
Կարդացեք նաև
«Այլեւս երբեք» ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը հայտնեց, որ ծրագրի առաջին փուլը հունվարից մինչեւ հուլիս, այսինքն «Ոսկե ծիրան» -ն է ներառում, երկրորդը՝ մինչեւ հունվար:
Առաջին փուլում 7 երկրի (այդ թվում՝ Բելառուսում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Լիտվայում և Թուրքիայում) 12 քաղաքում ցուցադրություն կլինի, մեկնարկը տրվել է Բելառուսից: Րաֆֆի Մովսիսյանը փաստեց, որ ոչ միայն հայկական դեսպանատները, այլեւ տարբեր երկրների մշակութային կազմակերպություններն են աջակցել կայացնել «Այլևս երբեք» ծրագիրը: Նրա խոսքով, շատ լուրջ քաղաքական ակցիա էր այն երկրներում ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր ցուցադրելը, որոնք դեռ չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը:
Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ «Այլևս երբեք»-ի ֆիլմերը զուգահեռաբար ցուցադրվել են մի քանի երկրում: 10-րդ անգամ անցկացվող «Եվրոպա ֆիլմ ակտ» փառատոնը Փարիզում բացվել է Փարաջանովի «Նռան գույնով», ինչը պատգամ էր, որ այս տարվա փառատոնը նվիրված է լինելու հայկական կինոյին: Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ ոչ հայ հանդիսատեսը հետաքրքրված էր ոչ միայն հայկական ֆիլմերով, այլեւ կարեւոր էր այն, որ ֆիլմերի միջոցով առնչվեցին հայկական հարցի հետ:
Փարիզում մեկ ամսվա մեջ ցուցադրվել է 17 ֆիլմ: Վիլնյուսի «Կինո Պավասարիս» փառատոնը «Ոսկե ծիրանի» նոր գործընկերներից է, այն տարեկան 100 000-ից ավելի հանդիսատես ունի, ու բանախոսների ձեւակերպմամբ, հրաշալի հարթակ է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի միջոցով խոսելու:
Ստամբուլի կինոփառատոնը եւս նախաձեռնել էր ծրագիր, եւ «Ոսկե ծիրանի» հետ վաղուց բանակցում էր ֆիլմերի ցանկի վերաբերյալ, արդյունքում «Հարյուրամյա ցավ» խորագրի ներքո ցուցադրվեցին ֆիլմեր, որոնք առնչվում էին հայկական հարցի հետ: Դրանց թվում էր Հաջի Օրմանի «Հոմոպոլիտիկուսը», որը նկարահանվել է «Ոսկե ծիրանի» հայ-թուրքական պլատֆորմի շրջանակներում: Այն ներկայացնում է Լեփսիուսի եւ Էնվեր Փաշայի զրույցը՝ Լեփսիուսը փորձում է համոզել՝ կանգնեցնել ջարդերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ