Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են սփյուռքահայ գործարարները Երեւանում եկեղեցի կառուցում, ոչ թե գործարան

Մայիս 12,2015 13:39

Ուկրաինայի հայերի միությունը`Վիլեն Շատվորյանի հիմնական աջակցությամբ, Ուկրաինայում հայկական եկեղեցի է կառուցում: Եկեղեցու կառուցման աշխատանքները կավարտվեն 2-3 տարուց: Միաժամանակ, մեծ եկեղեցու հարեւանությամբ, Կիեւի հայ համայնքի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ, 130 մետր քառակուսի տարածքի վրա 20 մետր բարձրություն ունեցող եկեղեցի է կառուցվում: Մեկ-երկու ամսից աշխատանքները կավարտվեն:

Կիեւի հայ համայնքի ղեկավար Նորայր Գեւորգյանի հետ զրույցի ժամանակ նկատեցինք, որ վերջին շրջանում դրսի հայ մեծահարուստները Երեւանում էլ են եկեղեցիներ կառուցում, ինչը քննադատությունների առիթ տվեց: «Հնարավորություն տան գործարան սարքեն`գործարան կսարքեն, հնարավորություն չեն տալիս, մարդիկ էլ եկեղեցի են սարքում: Գոնե մի բան սարքեն»,- եղավ մեր զրուցակցի արձագանքը:

Եղե՞լ է դեպք, որ ցանկություն հայտնեք Հայաստանում գործարան կառուցելու եւ մերժում եք ստացել`հետաքրքրվեցինք Նորիկ Գեւորգյանից: «Մենք բոլորս Հայաստանի հետ շատ տարբեր կապերով կապված ենք, ու նման հասկացողություն չկա, որ կառավարությունը թույլ չտա: Պարզ է, որ թույլ կտա: Պարզապես մարդկանց մեջ վախ կա, բոլորը հասկանում են Հայաստանի վիճակը, որ գործ սկսեն, ինչ-որ մեկը ձեռքներից կխլի, փայ կմտնի: Մրցակցություն չկա: Ես գործարար եմ, բայց պատրաստ չեմ Հայաստանում գործ դնել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք`պետությա՞նը չեն վստահում, թե՞ իշխանությանը: «Պետությունը մեր պետությունն է, չվստահելու իրավունք չունենք, իսկ իշխանությունները տեղիք են տալիս, որ վստահության պակաս առաջանա ու մեր պետության համար դա մեծ խնդիր է: Սփյուռքը դա շատ լավ տեսնում եւ հասկանում է ամեն ինչ, անկախ նրանից՝ թե ի՞նչ կասեն, ո՞նց կներկայացնեն, թե դրական քայլեր են կատարում: Երբ մենք կտեսնենք, որ ճիշտ, ազատ մրցակցություն կա`քայլ կանենք: Այսօր ես մեծ հաճույքով Վրաստանում բիզնես կդնեմ, որովհետեւ դրական քայլեր եմ տեսնում: Հայաստանում դրականի միտում չկա, չեմ էլ կարծում, որ շուտ կլինի: Գործարարը չի կարող քաղաքականության մեջ լինել, որովհետեւ նա իր շահի մասին պիտի մտածի: Իսկ մեզ մոտ բոլոր քաղաքական գործիչները բիզնեսմեն են: Լճացած վիճակ է ու չեմ հասկանում, թե նախագահն ինչու քայլեր չի անում»,- կարծում է մեր զրուցակիցը:

Մեր զրուցակիցը պատմում է, որ Ուկրաինայում էլ համանման իրավիճակ էր, բայց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո դրական տենդենցներ են նկատվում: Փոփոխություններն առայժմ էական չեն, բայց հույս ներշնչող են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նորիկի ամբողջ ասածը հարցերի հարցն է ու մեր ցավի լուծման բանալին: Իսկ դե բանալին ում ձեռքում է, և նա դրանով ինչ փակեր է բացում, լրացնում- անհայտ է: Այդտեղից էլ սկսվում է երկրի ցավը, շատերի շահը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031