Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կիվիրյանին առաջարկում են համաներում եւ պնդում, որ կծել է ոստիկանի ձեռքը. «Սա պատվեր է՝ իմ դեմ»

Մայիս 12,2015 13:01

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական ակտիվիստ, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի դեմ դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի, տվյալ դեպքում՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Նիստում մեղադրող կողմը՝ Երիցյանը կարդաց մեղադրական ճառը՝ պնդելով, որ Կիվիրյանը կծել է ոստիկանի ձեռքը եւ մեղավոր է:

Բայց նա ասաց, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ կարող են պատժամիջոցներ չկիրառվել, քանի որ համաներումը կտարածվի նրա վրա:

Դատավոր Մկրտչյանը տուժող ճանաչված ոստիկանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ունի ասելու: Ոստիկանն ասաց. «Ես ոչինչ չունեմ ասելու: Ես ոչ մի տրամադրվածություն չունեմ այս մարդու հանդեպ, ոչ էլ ինչ-որ ամբիցիաներ»: Դատավորը հարցրեց՝ որեւէ պահանջ ունե՞ք՝ նա պատասխանեց, որ՝ ոչ:

Argishti Kiviryan (1)Դատավորը Արգիշտի Կիվիրյանին հարցրեց՝ առարկո՞ւմ է մեղադրական ճառին, թե՞ ընդունում է մեղադրանքը: Կիվիրյանը վիրավորվեց. «Այս ամիսներին այսքան դատական նիստեր եղան, ձեր մոտ պիտի որ նման հարցեր չառաջանային»: Դատավորը ճշտեց՝ այսինքն, առարկո՞ւմ եք դուք՝ Կիվիրյանը պատասխանեց. «Ես ասացի, մնացածը դուք պատկերացրեք, էլի»:

Արգիշտի Կիվիրյանի պաշտպանը 1 շաբաթ ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 20-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանը մեղադրական ճառի մասին իր տեսակետը հայտնեց. «Այս դատավարությունն արդեն ամիսներ է տեւում եւ վերածվել է զավեշտի: Ակնհայտ է, որ ամբաստանյալի աթոռին ոչ թե պետք է նստած լիներ Արգիշտի Կիվիրյանը, այլ ոստիկանության համապատասխան ներկայացուցիչները: Մեղադրողը չներկայացրեց որեւէ հիմնավորում: Այսինքն, ըստ իր ճառի դուրս եկավ, որ այս ամիսներին այստեղ դատաքննություն տեղի չի ունեցել, օդից վերցրած ֆրազներ արտասանեց՝ կտրված իրականությունից եւ քրգործի նյութերից, կտրված դատաքննության ընթացքում վկաների հարցաքննությունից եւ ապացույցներից: Ակնհայտ է, որ ոնց ի սկզբանե իրենք փորձել են իրականացնել այդ պատվերն իմ դեմ, այդպես էլ իրենք շարունակում են իրականացնել: Խոսքը պատվերի մասին է եւ ավելորդ է խոսել իրավաբանության մասին: Երբ կա պատվեր, նախաքննական, դատաքննական բոլոր օղակները փորձում են այդ պատվերը կյանքի կոչել»:

Ինչ վերաբերում է համաներմանը՝ Արգիշտի Կիվիրյանն ասաց. «Դա իրենց խնդիրն է, իմը չէ: Իրենց նպատակ էր ամեն ձեւով իմ դեմ հարուցված քրգործերով, վարչական գործերով առավելագույնս խլել իմ ժամանակը: Այսօր իրենք փորձում են ամեն գնով այնպես անել, որ ես իմ գործունեության հիմնական ժամանակն անցկացնեմ դատարաններում, դատարանից դատարան են ինձ կանչում՝ փորձելով խոչընդոտել իմ գործունեությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031