Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրիմի հարցով Հայաստանի դիրքորոշումը չի ազդել Ուկրաինայի հայերի վրա

Մայիս 12,2015 12:31

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը պայմանավորվածություն ունի ՀՀ ԱԳՆ-ի հետ, որպեսզի Դոնեցկում եւ Լուգանսկում բնակվող հայերի հետ կապված բոլոր փաստաթղթային հարցերը կարգավորվեն հեռակա կարգով, առանց այդ մարդկանց ներկայության, նաեւ` անվճար: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կիեւի հայ համայնքի ղեկավար, պատվավոր հյուպատոս Նորիկ Գեւորգյանը (լուսանկարը՝ sau.net.ua-ից): «ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունն այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարում: Մենք բոլորի հետ շփվում ենք: Դոնեցկում համայնքի նախագահ կա, հոգեւոր առաջնորդ`տեր Հուսիկը, որոնց միջոցով փորձում ենք օգնություն ցույց տալ տեղի հայազգի բնակիչներին: Հիմնականում փորձում ենք հայերին պատերազմական գոտուց հանել, բայց շատերը չեն համաձայնում, շատերը ռուսական կողմնորոշում ունեն, շատերը կռվում են Ռուսաստանի կողմից: Շատ խառը վիճակ է, ու ինչպես եղբայրական ազգերը` ռուսներն ու ուկրաինացիներն են իրար դեմ կռվում, հայերն էլ ստացվում է հայերի դեմ են կռվում, քանի որ մի մասը Ռուսաստանի կողմից է հանդես գալիս, մի մասն`Ուկրաինայի: Շատ խառն ու անհասկանալի իրավիճակ է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

ՄԱԿ-ում Ղրիմի հարցով Հայաստանի քվեարկությունից հետո, Հայաստանի եւ Ուկրաինայի պաշտոնական հարաբերությունները բավական սառը հարթություն տեղափոխվեցին: Ի՞նչ խնդիրներ ունեցան տեղի հայերը` հետաքրքրվեցինք մեր զրուցակցից: Ի դեպ, Ուկրաինայի հայկական համայնքն իր մեծությամբ երկրորդն է, ռուսական համայնքից հետո: Ուկրաինայում կես միլիոնից ավել հայ է բնակվում:

«Այդ քվեարկությունից հետո Ուկրաինայում ՀՀ դեսպանի եւ մեր նախաձեռնությամբ մի քանի հանդիպումներ կազմակերպեցինք, որպեսզի մարդկանց բացատրենք ու հասկացնենք, որ Ուկրաինայի հայերը Ուկրաինայի քաղաքացիներ են, իսկ Հայաստանի կառավարության որոշումը դա Հայաստանի կառավարության որոշումն է, որը Ուկրաինայի հայերի հետ որեւէ կապ չունի: Հետո, Հայաստանն ունենալով Ղարաբաղի հարց, բնական է, որ պետք է իր քայլերը համապատասխան կերպով անի: Ավելին, եթե մենք իմանայինք, որ Հայաստանի քվեարկությունն ինչ-բան կփոխի, միասին կհավաքվեինք ու Հայաստանին հորդորեինք`այլ կերպ քվեարկել: Բայց իրենք էլ են լավ հասկանում այդ ամենը, գիտեն, որ իրենցից ոչ մի բան կախված չի, ո՞ւր մնաց Հայաստանի քվեարկությունից»,-պատմեց մեր զրուցակիցը`հավելելով, որ ընդհանուր լարումը ժամանակի ընթացքում հանդարտվեց. «Գիտեք, Մայդանում առաջին զոհը հայազգի Սերգեյ Նիգոյանն էր: Ընդհանրապես, պատերազմական գործողությունների արդյունքում 52 հայ զոհ ունենք, որոնց մեծ մասն Ուկրաինայի հերոս են»:

Այժմ էլ, հայ համայնքի ջանքերով, տարբեր օգնություններ են ուղարկվում պատերազմական գոտի`Դոնեցկ, Լուգանսկ: Ուղարկվում է հիմնականում սնունդ, արյուն, ընդ որում, դրանք չեն ուղարկվում հատուկ որեւէ կողմին: Ուղարկվում է նրան, ով դրա կարիքն ունի: «Բոլորս դեմ ենք կռվին, բայց այսօր ունենք այն ինչ ունենք ու փորձում ենք այս իրավիճակից ռացիոնալ դուրս գալ»,-ասում է Նորիկ Գեւորգյանը:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաեւ, թե տեղի ադրբեջանական համայնքի հետ ի՞նչ խնդիրներ կան: «Այս իմաստով, մեր բախտը բերել է»,- հումորով սկսեց նա, մանրամասնելով, որ Ուկրաինայի ադրբեջանական համայնքը մեծ չէ եւ շատ թույլ համայնք է, դեսպանատան աշխատանքն էլ չի երեւում: «Համայնքի ղեկավարների հետ էլ պայմանավորվածություններ ունենք, որ կոնֆլիկտներից զերծ մնաք: Շատ վաղուց մեկ-երկու դեպք եղավ`հավաքվեցինք, պայմանավորվեցինք, որ այստեղ հայ-ադրբեջանական ազգամիջյան կոնֆլիկտներից զերծ մնանք»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով. «Շատ մեծ նշանակություն ունի նաեւ, թե տեղացիները`ուկրաինացիներն ինչ կերպ են մեր նկատմամբ տրամադրված: Ուկրաինացիները շատ լավ են վերաբերվում հայերին, շատ բարձր կարծիք ունեն մեր մասին, մենք շատ մտավորականներ ունենք, նրանք ինտեգրված են տարբեր ոլորտներում` նախարարից մինչեւ ամենացածր դասի չինովնիկ: Հետաքրքիր օրինաչափությամբ, բոլոր բնագավառներում հայերի մասնակցությունը երկու տոկոս է կազմում: Շատ ակտիվ, հայրենասեր ու պարտաճանաչ քաղաքացիներ են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031