Երեկ հայտնի դարձավ, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն աշխատում է միայն մեկ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման նախագծի վրա, եւ շատ փոքր է հավանականությունը, որ կլինի նաեւ այլընտրանքային տարբերակ։
Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն իբր «բանի տեղ չի դրել» Սերժ Սարգսյանի կարծիքը։ Վերջինս, հիշեցնենք, ասել էր, թե հեչ էլ չի պաշտպանում խորհրդարանական կառավարման մոդելը։ Բայց Հայաստանում բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են ու գիտեն, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու նախաձեռնողն ու հիմնական «շահառուն» հենց Սերժ Սարգսյանն է՝ միայն այդ ճանապարհով նա կարող է նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո պահպանել պետության առաջին դեմքի կարգավիճակը։
Ինչեւէ։ Արդեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում սահմանադրական փոփոխությունների «նախնական տարբերակը» քննարկվելու է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների (լուսանկարում) հետ, եւ կարելի է չկասկածել, որ գնահատականները հիմնականում դրական են լինելու։ Չէ՞ որ «փաստաթղթերով ամեն ինչ կարգին է»՝ կառավարման այդ համակարգը տեսականորեն ավելի ժողովրդավարական է։ Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է այն, թե ինչ համակարգ է գործելու իրականում, եւ ինչպիսին է լինելու «իրերի դրվածքը», եթե իշխանություններին հաջողվի նկարել հանրաքվեի թվերը։
Սկսենք նրանից, որ պետության առաջին դեմքը՝ ԱԺ նախագահը, ոչ թե ուղղակի ընտրություններով է որոշվելու, այլ պատգամավորների ձայներով, իսկ պատգամավորների կազմը որոշվելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Այսինքն՝ առաջին պլան են մղվելու խորհրդարանական ընտրությունները, որոնցում էլ, ըստ պլանի, ՀՀԿ-ն պիտի առնվազն եւս մի քսան տարի «առանցքային դերակատարում ունենա» (պարզ ասած՝ հաղթի)։ Բայց դա շատ դժվար կլինի անել մի երկրում, որի բնակչության առնվազն 80 տոկոսը զզվում է գործող իշխանություններից, իսկ «ՀՀԿ-ական» արտահայտությունն էլ ընկալվում է համարյա որպես հայհոյանք։ Հետեւաբար՝ այս պլանն իրագործելու համար ՀՀԿ-ին «օժանդակ ուժեր» են պետք։ Այնպիսի ուժեր, որոնք թույլ չեն տա Հայաստանում ընդդիմադիր բեւեռ ձեւավորել եւ համախմբել այդ 80 տոկոսին։
Կարդացեք նաև
Ամենայն հավանականությամբ՝ այդ «օժանդակ ուժերը» պիտի բաժանված լինեն երեք խմբի։ Առաջին խումբը պիտի զբաղվի սոցիալական պոպուլիզմով, երկրորդ խումբը՝ ազգայնական պոպուլիզմով, եւ երրորդ խումբը՝ լիբերալ կամ «արեւմտամետ» պոպուլիգմով։ Ինչո՞ւ։ Որպեսզի հասարակության 80 տոկոսը չկարողանա համախմբվել ո՛չ սոցիալական բողոքի «շրջանակներում», ո՛չ ազգային խնդիրների շուրջ (ասենք՝ տարածքային չհիմնավորված զիջումների դեպքում), ո՛չ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված հարցերի շուրջ:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում