Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) նախաձեռնությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի ու Արցախի արդյունաբերողների և գործարարների միությունների համագործակցությամբ կայացավ ՀԱՑ-ի 4-րդ Գլխավոր Ասամբլեայի նիստի և 2-րդ գործարար ֆորումի պաշտոնական բացման արարողությունը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարը, մասնավորապես, ասաց. «Խորհրդանշական է, որ համաժողովը իրականացվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, քանի որ ցեղասպանության արդյունքում մեզ ո´չ միայն սպանեցին, ջարդեցին, այլ նաև արմատախիլ արեցին: Աշխարհասփյուռ եղած մեր հայրենակիցները, սակայն, կարողացան տարբեր երկրներում արմատներ գցել, դառնալ իրավաբան, բժիշկ, ինժեներ, բայց շատերը դարձան գործարարներ: Չկա մի երկիր, որտեղ հայ գործարարի չհանդիպես: Ուրախալի է, որ անցնող 4-5 տարիների ընթացքում մեր հայ գործարարները փորձեցին համախմբվել և ստեղծել ՀԱՑ-ը»:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր խոսքում նշեց, որ Հայկական առևտրային ցանցը մի նոր հարթակ է տնտեսական ոլորտում: Գյուղատնտեսությունը մեր երկրի գերակա ոլորտներից է. շատ լավ նախադրյալներ կան, որ այն դառնա արդյունաբերական:
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ներդրումներ անել հայրենիքում: Մեծ ներուժ կա մեր երկրում, տարեցտարի դյուրացվում են բիզնես պայմանները: Վերջին տարիների ընթացքում ներդրումները խթանելու համար մեծ բարեփոխումներ են իրականացվել»,-հավելեց Գյուղատնտեսության նախարարը:
Կարդացեք նաև
Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) նախագահ Վահրամ Փիրջանյանը, (Կանադա) ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ այսօր շարունակում են այն, ինչը 2011 թվականի ապրիլին սկսել էին Երևանում:
«Ճանապարհը երկար էր, մարտահրավերները՝ բարդ ու դժվարին, բայց կարողացանք հաջողել: Կարևորում եմ հայ գործարարների ներդրումները մանր և միջին բիզնեսի ոլորտում: Վերջին շրջանում նկատելի են բազմաթիվ բարեփոխումներ: Ակնկալում ենք, որ դրանք շարունակական լինեն:
Հավելենք, որ ֆորումը կընթանա 3 լիագումար նիստերով: Մասնակցելու են արտասահմանում գործող հայկական առևտրաարդյունաբերական պալատների, գործարարների միությունների, Հայաստանի խոշոր առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները, նաև՝ անհատ գործարարներ՝ Հայաստանից, Արցախից և աշխարհի տարբեր երկրներից: Քննարկվելու են Հայաստանում և Արցախում բիզնես ներդրումներին, գործարար միջավայրի բարելավմանն առնչվող հարցեր:
Պատկերաշարով կներկայացվի «ՀԱՑ-ի առաքելությունը և գործունեությունը, «Նոր դարաշրջան» գլոբալ գործարար ցանցի ստեղծում» շնորհանդեսը:
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի հաղորդագրություն