«168 ժամի» զրուցակիցն է 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ԼՂ-ի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
– Պարոն Կազիմիրով, հեռացած լինելով կարգավորման գործընթացից՝ Դուք շարունակում եք հանդիպումներ ունենալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Վստահ եմ նաեւ, որ տեղյակ եք՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս տարբեր առիթներով անդրադարձել է Ադրբեջանին զենք վաճառելու՝ Ռուսաստանի քաղաքականությանը, ասելով, որ հայկական կողմն անհանգստացած է, դա խնդիր է հայկական կողմի համար եւ պետք է լուծում ստանա։ Որոշ փորձագետների պնդմամբ էլ, սա ռուսական կողմի միտումնավոր քաղաքականությունն է՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի շարունակական լարվածությանը, թեեւ հրադադարը հենց Մոսկվայի հաջողությունն էր, ինչպես Դուք պնդել էիք Ձեր հարցազրույցներից մեկում։ Ի՞նչ եք կարծում հակամարտության կողմերին զենք վաճառելու ռուսական քաղաքականության մասին։
– Իմ կարծիքով՝ դա գոնե պետք է պայմանավորված լինի մի շարք պահանջներով։ Ես չգիտեմ՝ ինչպես է դա իրականում տեղի ունենում, ինչ պահանջներ են դրվում կամ չեն դրվում, բայց ինձ թվում է, որ այն զինամթերքը, որը վաճառվում է, չպետք է վաճառվի այդ հակամարտության գոտում կիրառվելու նպատակով։ Դրանք կարող են նախատեսված լինել ընդհանուր պաշտպանության համար։ Պաշտպանական սպառազինությունը մեկ բան է, իսկ հարձակողականը՝ այլ։ Այսինքն՝ այս հարցերում պետք է հստակություն մտցնել։ Ես ենթադրում եմ, որ վաճառքի հարցերի դիտարկման ժամանակ այս հարցերը եւս պետք է քննարկման առարկա դառնան։
– Այսինքն՝ ռուսական կողմը կարող է պահանջներ դնել ադրբեջանական կողմի առջեւ։
Կարդացեք նաև
– Կարծում եմ՝ այո։ Սա իմ անձնական տպավորությունն է։ Ես պաշտոնական դեմք չեմ, ես իմ անձնական կարծիքն եմ Ձեզ ներկայացնում ու իմ համոզմամբ՝ սպառազինության վաճառքը հակամարտության երկու կողմերին, իսկ այդ կողմերը նույնիսկ երեքն են, պետք է պայմանավորել որոշ պահանջներով։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում