Օձունի 6-րդ դարի հռչակավոր եկեղեցուն փլուզման վտանգ այլևս չի սպառնում: Մոսկվայաբնակ հայազգի գործարար Մովսես Ձավարյանի միջոցներով իրականացված վերականգնման աշխատանքների վրա ծախսվել է 271 մլն. դրամ, մինչդեռ ողջ հանրապետությունում մշակույթի նախարարության կողմից հուշարձանների վերականգնման 2014թ. բյուջեն կազմել է այս գումարի 60 տոկոսը միայն՝ 165 մլն. դրամ:
Կատարված աշխատանքը բարձր է գնահատել Մայր Աթոռը, որի ճարտարապետական բաժնի ծրագրերի ղեկավար Մերի Դանիելյանի խոսքերով, վերականգնումը իրականացվել է ամենաբարձր մակարդակով: Նույն կարծիքին է նաև ՀՀ մշակույթի նախարարությունը:
Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը քննադատում է Օձունի վերականգնման վերաբերյալ հնչող տարատեսակ կարծիքները՝ համարելով դրանք անհեթեթ: Բարերար Մովսես Ձավարյանն իր հերթին նշում է, որ դեմ է եկեղեցու եվրավերանորոգմանը, ինչպես դա ընդունված է անել վերջին տարիներին:
«Ճարտարապետական խորհրդի կողմից հաստատված նախագծի առկայության դեպքում, եթե մշակույթի նախարարությունն ու Մայր աթոռը ցանկանան կատարել որևէ լրացուցիչ աշխատանք, նրանք կարող են անել այն, իմ նպատակը եկեղեցին փլուզումից փրկելն էր, և իմ առաքելությունը համարում եմ ավարտված»,- հավելել է Մովսես Ձավարյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքները տևել են 3 տարի:
«Օձուն» տեղեկատվական կենտրոն