«Որևէ մեկին չենք կարող շնորհք նվիրել, բայց կարող ենք օգնել շնորհալի մարդուն դառնալ պրոֆեսիոնալ»,- կարծում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «Արտ ֆեստ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կինոգետ Դավիթ Մուրադյանը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր արդեն երրորդ անգամ մեկնարկեց «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական փառատոնը, որը մի տանիքի տակ է միավորում թատերարվեստը, կինոարվեստը, կերպարվեստը, այս տարի արդեն նաև երգարվեստը, դիզայնը և այլն:
Հիմնական նպատակը, ըստ Դ. Մուրադյանի, մեկն է՝ սկսնակ մարդուն ինքնաբացահայտվելու, ինքնադրսևորվելու հնարավորություն տալ. «Մարդու առաջին քայլը կարևոր է, քանի որ ժամանակին նկատված և ժամանակին խրախուսված շնորհքը, սովորաբար, բնականոն, առողջ զարգացման ընթացք է ունենում:
Արվեստը միշտ էլ ունի ազատ տեղ: Այդ իմաստով արվեստը մի քիչ անսահմանության հոմանիշն է: Երբեք որևէ շնորհալի մարդ ուրիշի տեղը չի գրավում: Այդ ազատ տեղերի վրա գալիս է մի նոր և ազատ սերունդ, որը մեր ժամանակի լավագույն ձեռքբերումներից մեկն է, որը հարստություն է, սոցիալական նվաճում է, հեռանկարների ու ապագայի խոստում է: Որտեղ կա երիտասարդություն, այնտեղ էլ կա ապագա»,- ընդգծեց Դ. Մուրադյանը և առաջարկեց այս փառատոնի ընթացքում փորձել տեսնել, թե ապագան ինչպես է թեկուզ իր նախանշաններով արտացոլվում մեր ներկայի մեջ:
Կարդացեք նաև
«Արտ Ֆեստ» փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանն ուրախությամբ փաստեց, որ տարբեր մշակութային բուհերում սովորող ուսանողների միավորող այս փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է: Փառատոնն այս տարի ունի 350 մասնակից նախորդ տարվա 200-ի փոխարեն: Ակտիվացել են նաև մարզերը, հատկապես Շիրակը, Լոռին, Արմավիրը, Կոտայքն ու Գեղարքունիքը:
Դ. Մուրադյանը շատ է կարևորում ուսանողների այս միավորումը «Մենք ուզում ենք, որ միմյանց հանդիպեն երաժիշտները, նկարիչները, դերասանները և իբրև մի ամբողջական մշակութային սերունդ՝ կարողանան սկսել իրենց կենսագրությունն այս ժամանակի մեջ»,- ասաց նա:
«Արդեն երեք տարի շարունակ փառատոնը կարողանում է մեկտեղել ստեղծագործ երիտասարդների, և ուրախալի է, որ յուրաքանչյուր տարի փառատոնից հետո ծնվում են նոր նախագծեր»,- հավելեց Է. Բարսեղյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մինչև հունիսի 11-ը շարունակվող փառատոնի ընթացքում կներկայացվի 39 ֆիլմ, նույնքան էլ ներկայացում, 210 կերպարվեստի, դիզայնի, դեկորատիվ կիրառական արվեստի ստեղծագործություն, 32 հագուստի մոդելավորում և այլն:
Փառատոնի մեկնարկն այսօր տրվեց երիտասարդ բեմադրիչ Աստղիկ Սիմոնյանի «Մեկ թագավորի թատրոն» պիեսի ներկայացմամբ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ