Շիրակի մարզի Առափի համայնքում, որտեղ մարդկանց կյանքը մշտապես վտանգի տակ է, պարբերաբար տները փլվում են, քանի որ գյուղը սողանքային գոտում է, ուսումնասիրություն են սկսել ճապոնացիները:
Գյուղապետ Ալբերտ Այվազյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց վերջապես հաջողվել է ճապոնացիների միջոցով ծրագիր իրագործել նաեւ այս գյուղում, նրանք ուսումնասիրություններ են կատարում, որպեսզի պարզեն, թե որտեղի՞ց են առաջանում սողանքները: Ծրագիրը կտեւի երկու տարի:
Կարդացեք նաև
Գյուղապետի տեղեկացմամբ, գյուղում կա սողանքի երեք ակտիվ գոտի. դրանցից մեկը դպրոցի թաղամասն է, գյուղի սկզբնամասն է սողանքի գոտում՝ 500 մետր հատվածով եւ վերջնամասը: «ճապոնացիները ուսումնասիրելուց հետո պարզելու են, թե ինչից է, հետո առաջարկություն են ներկայացնելու ՀՀ կառավարությանը, թե կառավարությունը ինչ կորոշի, ես էդ հարցին առայժմ չեմ կարող պատասխանել»,-ասաց գյուղապետը: Նշենք, որ գյուղի 580 տներից մոտ 120-ը սողանքի գոտում են, ամեն վայրկյան փլուզման վտանգի տակ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ