ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն առանձնապես զարմացած չէ, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը վերածվում է կուսակցության:
Aravot.am-ի հետ զրույցում Արտակ Դավթյանն ասաց. «ՀՀ Սահմանադրության և օրենքներով քաղաքական համակարգի հիմքը կուսակցություններն են և կուսակցությունների միջոցով են իշխանության գալիս: Այս առումով այն, ինչ կատարվեց, կանխատեսելի էր մեզ կողմից: Իսկ թե պայքարի ինչ նոր մեթոդներ կընտրեն, ժամանակը ցույց կտա»:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, թե ընդդիմության ակտիվացումն ու հզորացումն իրենց օգտին է, քանի որ քաղաքական դաշտում մրցակցությունը կմեծանա, ինչը կհանգեցնի պայքարի որակի բարձրացման:
Մեր դիտարկմանը, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական գործիչ սիրում է կտրուկ անկանխատեսելի քայլեր, դա են վկայում նաև ԱԺ ամբիոնից նրա ելույթները, ուստի անհանգստություն չունի՞, որ հնարավոր է իր կտրուկ քայլերով քաղաքական պայքարում փաստի առաջ կանգնեցնի ՀՀԿ-ին, պարոն Դավթյանն արձագանքեց. «ՀՀ ցանկացած քաղաքացի, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը իրավունք ունի Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված ցանկացած քայլի և գործողության դիմել: Այն, ինչ տեղավորվում է ամբողջ իրավական և օրենսդրական դաշտում, որևէ խնդիր չկա որևէ քայլ իրականացնելու և կոնկրետ անձի ու քաղաքական ուժի՝ իր նպատակներին հասնելու համար: Այս առումով եմ կարծում, որ Ձեր նշած կտրուկ քայլերը կարող են չտեղավորվել այդ հարթությունում, առավել ևս կարծես թե ինքն էլ հայտարարել է, որ իր պայքարը լինելու է ամբողջովին օրենքի դաշտում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լավ կլինի, որ այս ՀՀԿ-ականը կոչ անի իր կուսակիցներին մնալ օրենքի դաշտում: