Լրահոս
Օրվա լրահոսը

Ժյուրիի ադրբեջանցի անդամն անպատիժ չի մնացել

Մայիս 11,2015 20:05

7 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալներով և դիպլոմներով է Հայաստանի պատվիրակությունը վերադարձել ՌԴ Օրյոլ քաղաքում մայիսի 1-6-ն անցկացված ԱՊՀ երկրների 10-րդ երիտասարդական Դելփյան խաղերից:

«Սա մեր մշակութային դպրոցի հերթական նվաճումներից մեկն է, որին, անկեղծ ասած, մենք սպասում էինք, որովհետև Մշակույթի նախարարությունը բավականին լուրջ նախապատրաստական աշխատանքներ էր տարել հայաստանյան պատվիրակության կազմն ընտրելիս: Լավագույններին էինք ընտրել և լավագույն արդյունքների էինք սպասում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Մրցույթի մեդալակիրները հիմնականում Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Նոր Նորքի Հայորդաց տան Գ. Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի, Երևանի Գեղարվեստի ակադեմիայի և այլ մասնագիտական դպրոցների սաներ են:

2002 թվականից անցկացվող Դելփյան խաղերն այս տարի նվիրված էին Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին: Հայաստանն այս յուրահատուկ ստուգատեսին մասնակցել է 57 հոգուց կազմված պատվիրակությամբ: 45 մասնակիցները (16 անհատ, 2 համույթ) մրցել են 11 անվանակարգերում` դաշնամուր, ջութակ, ակադեմիական երգեցողություն, էստրադային երգեցողություն, ժողովրդական երգեցողություն, կերպարվեստ, հագուստի դիզայն, ազգային նվագարաններ, լուսանկարչություն, կրկես, ազգային պար:

«Մենք այս տարի բավականին մեծ կազմով մասնակցեցինք մրցույթին: Առաջին անգամ կարողացանք նաև պարի խումբ տանել: Կրկնակի հաճույք ու հպարտություն էր Պաշտպանության նախարարության «Սարդարապատ» պարի խմբին տանելը, որովհետև այնտեղ զինվորներ են պարում: Իսկ զինվորներին դուրս տանելն ու միջազգային հարթակում ներկայացնելը մեծ պատիվ է»,- ասաց Դելփյան կոմիտեի հայաստանյան նախագահ Ալեքսան Զաքյանը:

Ա. Զաքյանը պատմեց նաև այն փոքրիկ ընդհարման մասին, որը տեղի է ունեցել «Ազգային նվագարաններ» մրցույթի անցկացման ժամանակ. «Այս անվանակարգում մենք ժյուրիի անդամ չունեինք, փոխարենը ժյուրիի կազմում Ադրբեջանից անդամ կար: Վերջինս ջանք ու եռանդ չխնայեց, որ մեր երկու մասնակիցները, որոնք պոտենցիալ ոսկե մեդալակիրներ էին, բրոնզե մեդալ ստանային: Իսկ ադրբեջանցին, որը մեր ազգային նվագարանով՝ դուդուկով էր ներկայացել, արծաթե մեդալ ստանա (թեև ընդհանրապես նվագել չգիտեր)»,- ասաց նա՝ շեշտելով, որ Դելփյան խաղերի ընթացքում պատահած միակ միջադեպը սա է եղել. «Սակայն ժյուրիի ադրբեջանցի անդամն անպատիժ չմնաց: Մենք ղեկավարությանը դիմեցինք, որի արդյունքում Դելփյան խաղերին այդ ադրբեջանցու հետագա մասնակցությունը բացառվեց»,- ասաց Ա. Զաքյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031