Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտին պաշտոնական այցով Հայաստանում է: Մայիսի 11-ին նա հանդիպեց լրագրողների հետ:
Նա լրագրողներին հայտնեց, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է մշակել եւ ունենալ ներդրումային միջավայր. «Սա ոչ միայն կարեւոր է օտարերկրյա ներդրողների, այլ նաեւ տեղական ներդրողների համար: Այս շաբաթ Թբիլիսիում տեղի է ունենալու ՎԶԵԲ-ի տարեկան գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ներկայացնելու է իր ներդրումային ակնարկը՝ ընդհանուր տնտեսության ակնարկի տեսքով: Բայց կարծում եմ, որ մենք լրացուցիչ աշխատանքներ կարող ենք կատարել ներդրումային խորհրդի կողմից, որը բավականին հաջող է աշխատում, եւ հնարավոր է անկախ օմբուդսմենի հիմնումը»:
Սումա Չակրաբարտիի կարծիքով՝ ենթակառուցվածքների ոլորտում ՎԶԵԲ-ը պատմելու լավ պատմություններ ունի, օրինակ՝ Երեւանի մետրոպոլիտենի եւ լուսավորության ծրագրերի մասին. «Երեւանում կոշտ թափոնների կառավարման եւ տրոլեյբուսների համակարգի ոլորտներում պոտենցիալներ կան: Այլ հնարավորություններ էլ կան, օրինակ՝ եվրոպական չափորոշիչների համապատասխան կոշտ թափոնների հեռացման աղբավայրի ստեղծման օժանդակությունը: Եթե մենք կարողանանք հաջողությամբ իրականացնել այս նախաձեռնությունները, ապա ես կցանկանայի դրանք տեսնել հանրապետության այլ քաղաքներում եւս: Ես նաեւ կցանկանայի, որ ՎԶԵԲ-ը ներդրումներ կատարեր Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կապուղիների բարելավման համար: Առանձնակի կերպով մեզ հետաքրքրում է Բագրատաշենում նոր կամուրջը: Այնպես որ՝ ենթակառուցվածքների ոլորտում մեծ անելիքներ կան»:
Անդրադառնալով Հայաստանի տնտեսական վիճակին՝ նա նկատեց, որ Հայաստանում այն մեծապես կախված է նրանից, թե Ռուսաստանում ինչ տեղի կունենա: Նրա կանխատեսմամբ՝ տարածաշրջանում դրական փոփոխություն չի լինի, քանի որ Ռուսաստանը նույնպես պետք է վերականգնվի. «Այդ առումով Հայաստանը չի տարբերվում կովկասյան այլ երկրների տնտեսությունից: Ռուսաստանի տնտեսության անկումը, Ռուսաստանի արժույթի փոխանակման կուրսի շատ մեծ ազդեցություն է ունեցել այդ պետությունների վրա, այս առումով Հայաստանը բացառություն չէ: Մենք կարող ենք Հայաստանում ընդլայնել մեր ներդրումային հնարավորությունները, որովհետեւ դրա կարիքը կա»:
Կարդացեք նաև
Սումա Չակրաբարտին ընդգծեց, որ երբ տնտեսությունները անկում են ապրում միջազգային կազմակերպությունների, ինչպիսին է ՎԶԵԲ-ը, աջակցության անհրաժեշտությունն է առաջանում. «Բայց այստեղ մի հարց կա. Եթե նույնիսկ Հայաստանի տնտեսությունը լավ ցուցանիշ ներկայացնի, անհրաժեշտությունը չի վերանա, որպեսզի ընդհանուր ներդրումային իրավիճակը բարելավվի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ