Շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Զեկուցվել է, որ նախորդ երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է 39 դեպք: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Աղբը չսահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 59 վարչական արձանագրություն է կազմվել: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 իրավախախտ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել ակտիվացնել աշխատանքներն այս ուղղությամբ:
Անդրադառնալով կենսաապահովման ոլորտում տեղի ունեցող վթարներին և դրանց վերացման աշխատանքներին՝ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է խստացնել հսկողությունը խրամուղիներ փորելու ուղղությամբ՝ բացառելով ապօրինի աշխատանքների իրականացումը: Քաղաքապետի հանձնարարությամբ այն բոլոր կազմակերպություններն ու անհատները, ովքեր կփորձեն առանց համապատասխան թույլտվության խրամուղիներ փորել, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն