ՀՀ վերաքննիչ դատարանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարանների, առանձնատների վրա ավազակային հարձակումների գործով ավարտեց Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի, Արթուր Մանուկյանի եւ Սամվել Դավթյանի եւ նրանց պաշտպանների վերաքննիչ բողոքների քննությունը:
Դատարանը չլսեց անգամ ենթադրյալ բանդայի ենթադրյալ պարագլուխ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանին, որն ասաց, թե ունի միջնորդություն:
Արտուշ Հակոբյանն ասաց. «Նախաքննող մարմինը ոչ միայն անօրեններ ու հանցագործներ են, այլ նաեւ մարդասպաններ: Հակառակ դեպքում, ամբաստանյալի աթոռին նստած կլինեին ոչ թե մարդիկ, որոնք իրար չեն ճանաչում, այլ իրական հանցագործները: Հարգելի դատարան, նախաքննող մարմնի կողմից հայտնաբերված չեն այն երկաթյա պահարանները՝ սեյֆ կոչվածները, որոնք արդեն իսկ իրենցից հաշիվ չեն ներկայացնում, սակայն կարող են դիտվել իբրև անհերքելի ապացույց»:
Արտուշ Հակոբյանն ասաց նաեւ, որ զավեշտ է, որ պետական մեղադրողը մի կողմ է դրել սահմանադրությունը, եւ «ուզում է անցկացնել այս անօրինական շինծու մեղադրանքը»: Ըստ ամբաստանյալի, դատարան ներկայացված ապացույցները չեն կարող ապացույց համարվել, քանի որ ձեռք են բերվել շինծու ճանապարհով:
Կարդացեք նաև
Ամբաստանյալ Արթուր Մանուկյանի պաշտպան, փաստաբան Ռաֆիկ Սաֆարյանն ասաց, թե իր վերաքննիչ բողոքում ասել էր, որ քրեական դատավարական օրենսգրքով առաջադրված մեղադրանքն անհիմն է:
«Հստակ ասել եմ, որ իմ պաշտպանյալին մեղադրանք չկա, եւ ամբաստանյալներից որեւէ մեկի հետ էլ չի կատարել: Այդ ժամանակ էլ գտնվել է արտասահմանում: Մեղադրողից խնդրում էի, որպեսզի այդ մեղադրանքից հրաժարվի: Մեղադրողը գնաց ու չեկավ: Ես ում ասեմ՝ հրաժարվի: Գտնում եմ, որ վերաքննիչ դատարանը քննում է գործի փաստական հանգամանքների ճշտությունը: Միանշանակ, նշել եմ, որ առաջին ատյանի դատարանը խեղաթյուրել է գործի փաստական հանգամանքները եւ իմ պաշտպանյալին դատապարտել է տաս տարվա ազատազրկման, երբ չկա ում նկատմամբ է արել»,-ասաց պաշտպանը:
Նա նաեւ հորդորում էր, որ վերաքննիչ դատարանը նշի, թե ինչ է քննել, հետազոտել:
Ըստ նրա, մեղադրողը չի անդրադարձել պաշտպանի բողոքին:
«Հաճելի՞ է ձեզ, որ հանցանքը չկատարած անձին տաս տարի դատապարտեք»:
Պաշտպանը հորդորեց ուղղել՝ հետազոտելով:
Սակայն դատարանը գնաց խորհրդակցական սենյակ: «Դուք ինչի վրա եք հիմնվում, եթե չեք հետազոտում»,- հարցրեց պաշտպանը:
Մեղադրողը եւ տուժողները՝ նախկին ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, Լինսի հիմնադրամի պատասխանատու Էդուարդ Բեզոյանը, նախկին համայնքապետ Աղվան Գրիգորյանը եւ այլք, ներկա չէին, ինչպես ներկա չեն եղել առաջին ատյանի դատարանում:
Ամբաստանյալներին մնում էր ծափ տալ՝ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալու համար: Դատարանում բավական շատ էին իրավապահները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ