Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչապատման մասով հատկացվող միջոցների միայն 5 տոկոսն է տրամադրվում ծաղկապատման աշխատանքներին

Մայիս 11,2015 17:54

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում ընթացող կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման աշխատանքների շրջանակում մայիսի 9-ին ընդառաջ ավարտվել են «Հաղթանակ» զբոսայգու բարեկարգման, մասնավորապես ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ նորոգման, սալիկների և եզրաքարերի նորոգման, գլխավոր ճեմուղու արտաքին երկկողմանի լուսավորության վերականգնման, կանաչ տարածքների խնամքի և մաքրության ապահովման աշխատանքները: Կարևորելով մայրաքաղաքում կանաչ տարածքների պահպանումն ու քաղաքապետարանի կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել և էլ ավելի ակտիվացնել դրանք՝ մշտական հսկողության տակ պահելով անտառային գոտիները, անհրաժեշտության դեպքում ներգրավելով լրացուցիչ աշխատուժ:

«Այս տարի մենք մայրաքաղաքի համար կարևոր նշանակության երկու մեծ աշխատանք իրականացրեցինք: Խոսքս Հաղթանակ զբոսայգում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում իրականացված աշխատանքների մասին է: Ինչպես բազմից եմ նշել՝ մեր նպատակը Երևան քաղաքն ավելի կանաչ ու ծառապատ տեսնելն է, և նկատենք, որ վերջին տարիների դրական տեղաշարժն ակնհայտ է, ու վստահորեն կարող ենք փաստել, որ այս ուղղությամբ արդյունքներն արդեն շոշափելի են: Ժամանակ առ ժամանակ որոշ անձանց կողմից հնչեցվող մեկնաբանությունները տպավորություն են ստեղծում, թե մայրաքաղաքի կանաչապատման համար հատկացվող միջոցներն ուղղվում են միայն ծաղկապատմանը, մինչդեռ ծաղկապատումը ընդհանուր կանաչապատման ընդամենը 5 տոկոսն է կազմում: Ըստ այդմ, հանրությանը հանգամանալից ներկայացրեք կանաչապատման տարբեր ուղղություններով կատարված և այսօր էլ ընթացող բոլոր ծրագրերն ու աշխատանքները», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև բակային տարածքների արտաքին լուսավորության համակարգում առկա թերությունների վերացման աշխատանքների հետ կապված «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ գույքագրումից հետո շուրջ 400 լամպ փոխարինվել է նորերով: Աշխատանքները լինելու են շարունակական: Հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել մասնավոր ընկերությունների կողմից շահագործվող տարածքների լուսավորության անխափան ապահովման ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031