Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին հաշված օրեր են մնացել:
Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականին Բուխարեստում կայացած նախարարական գագաթաժողովում Հայաստանը միաձայն ընտրվել էր հաջորդ՝ 2015 թ. նախարարական գագաթաժողովը հյուընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր:
Եվ ահա մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք հիշյալ միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան են հրավիրվել Բոլոնիայի հռչակագրին միացած բոլոր 47 երկրների պատվիրակությունները:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ տեղեկացնելով նաև, որ շուրջ 20 երկիր կներկայանա նախարարի մակարդակով:
Կարդացեք նաև
«Երևանը կդառնա եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: Սա ոչ թե միջոցառում է, այլ համաեվրոպական նշանակության կրթական իրադարձություն, որտեղ կարևոր, ճակատագրական որոշումներ են կայացվելու բազմաթիվ ուսանողների, դասախոսների և բուհերի համար: Երևանում կքննարկվեն և կընդունվեն եվրոպական կրթության նոր չափանիշներ, որոնք հետո կյանքի կկոչվեն Բոլոնիայի գործընթացի անդամ երկրներում»,- նշեց նախարարը:
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանը՝ որպես նախարարական 2015 թ. գագաթաժողովը հյուրընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր, ընտրել է հարևանության ձևաչափը՝ ֆորումին հրավիրելով նաև Բոլոնիայի անդամ երկրների հարևան երկրներին՝ աֆրիկյան պետություններից, Միջին Ասիայից, Կենտրոնական Ասիայից և այլ տարածաշրջաններից։
Նախարարի տեղեկացմամբ՝ պատվիրակություններ են հրավիրվել Բոլոնիայի գործընթացի անդամ երկրներ Ադրբեջանից ու Թուրքիայից ևս: «Թուրքիայից կլինի մասնակցություն, բայց ոչ նախարարի մակարդակով, իսկ Ադրբեջանից չունենք պատասխան: Ոչ թե մերժել են, այլ ուղղակի պատասխան չենք ստացել»,- ասաց նա:
Ա. Աշոտյանի խոսքով՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը նաև երկկողմ հանդիպումների տարածք են: Միայն ՀՀ ԿԳ նախարարի հետ տասը երկկողմ հանդիպում է նախատեսված, ինչպես նաև փաստաթղթերի ստորագրում:
Միջոցառման խորհրդանիշը նուռն է, որը բաղկացած է եվրոպական տարածքը խորհրդանշող աստղիկներից. «Մենք փորձել ենք համադրել ազգայինը եվրոպականի հետ»,- ասաց կրթության և գիտության նախարարը:
Նշենք, որ նախարարական գագաթաժողովների ժամանակ ամփոփվում են այդ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքների արդյունքները և սահմանվում առաջիկա գերակայությունները:
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Բոլոնիայի գործընթացին անդամակցության տասը տարիներին գրանցված արդյունքներին, Ա. Աշոտյանի գնահատմամբ՝ կրթության ոլորտում մեր երկիրը շոշափելի արդյունքներ է գրանցել: «Կրթական կառուցվածքն այժմ ամբողջությամբ համադրելի է եվրոպական կրթական չափանիշներին, բայց դեռ բավականին անելիքներ կան»,- ընդգծեց նախարարը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ