Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ու պետական կառույցների կողմից ապրիլ ամսվա ընթացքում ստացված ավելի քան 11 հազար դիմում-գրությունների պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետում: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել դիմումատուներին տրամադրված պատասխաններն ու դրանց հետագա ընթացքը և, ըստ այդմ, ձեռնարկել համապատասխան քայլեր:
Քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ զեկուցվել է, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելություններին մասնակցել է 608 քաղաքացի: Բարձրացված հարցերից 539-ին տրվել է համապատասխան լուծում և սպառիչ պատասխան, 13-ը մերժվել է՝ հարցը քաղաքապետարանի իրավասության շրջանակից դուրս լինելու պատճառով, իսկ 56-ը դեռևս կատարման ընթացքում է:
Ուսումնական տարվա ավարտի հետ կապված դպրոցներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ խստացված հսկողություն սահմանել: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ դրամահավաքության որևէ դեպքի հայտնաբերման պարագայում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ և պատասխանատուները խստագույնս կպատժվեն:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն