Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինն ավելի խելացի գտնվեց, քան Օբաման»

Մայիս 11,2015 17:44

«Հայաստանը միշտ էլ համաձայն էր բանակցային գործընթացի վերականգնմանը եւ կարեւոր է, որ Ադրբեջանն էլ եկել է այդ մտքին: Ուստի, այո, չեմ բացառում, որ Ռիգայում Իլհամ Ալիեւ-Սերժ Սարգսյան հանդիպում կլինի եւ ամենակարեւորը, որ դա կնմանվի բանակցությունների, ոչ թե հանդիպումների, ինչպես եղել են վերջին երկու տարիներին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ստեփան Գրիգորյան

Ստեփան Գրիգորյան

Հիշեցնենք, որ РИА Новости-ն՝ հղում անելով ԵՄ-ի իր ներկայացուցչին, տեղեկացրել էր, որ Ռիգայում, Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկելու են ԼՂՀ-ի հակամարտության խնդիրը: Գագաթաժողովը կայանալու է մայիսի 21-22-ին:

«Այնուամենայնիվ շարժ կա եւ որքան ես հասկանում եմ, Ադրբեջանի մոտ էլ ցանկություն կա բանակցային գործընթացը վերականգնել: Ադրբեջանի մոտ էլ հասունացավ անհրաժեշտությունը, որ այնուհանդերձ, պետք է փորձել բանակցությունների միջոցով լուծել հարցը»,- ասաց մեր զրուցակիցը:

Թե ի՞նչ պատճառներով Ադրբեջանի մոտ առաջացավ այդ ցանկությունը, մեր հարցին, Ստեփան Գրիգորյանն ասաց, որ ինքն, օրինակ, դա պայմանավորում է նրանով, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Թուրքիան հուժկու հարվածներ ստացավ. «Ադրբեջանը հասկացավ, որ Թուրքիան չի կարող լինել իր հաջողությունների միայնակ երաշխավորը»: Մեր զրուցակիցը նկատի ունի Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների մասշտաբն ու ծավալը, Հռոմի Պապի, Գերմանիայի նախագահի հայտարարությունները, տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ընթացքը: «Ադրբեջանը վերլուծեց եւ հասկացավ, որ հույս դնել միայն մեծ եղբոր վրա`սխալ է»,- կարծում է Ստեփան Գրիգորյանը`հավելելով, որ ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գալը Հայաստան, Կովկասում էլ ավելի ուժեղացրեց Ռուսաստանի դիրքերը. «Պուտինն ավելի խելացի գտնվեց, քան Օբաման: Նա հասկացավ, որ այդ լուրջ թեման շատերի շահերն է շոշափում, այդ թվում նաեւ հրեական լոբբիի»:

Մեր զրուցակիցը նկատում է նաեւ, որ ցեղասպանության ճանաչման, տեղեկատվության տարածման գործընթացում Հայաստանը ճիշտ դիրքորոշում ընտրեց`շեշտը դնելով բոլոր ցեղասպանությունների վրա, ոչ թե միայն հայերի ցեղասպանության. «Բնական է, որ դա ուժեղացրեց Հայաստանի դիրքերը, որպես արդյունք եղավ նաեւ Կովկասում Ռուսաստանի դիրքի բարձրացումը: Սա է պատճառը, որ կարծում եմ, Ադրբեջանում վերլուծեցին իրավիճակն ու հանգեցին նրան, որ չեն կարող միակողմանի եւ անվերապահորեն Թուրքիային ապավինել: Պատճառներն, իհարկե, կարեւոր են, բայց գլխավոր չեն: Գլխավորն այն է, որ Ադրբեջանը համաձայնվում է վերականգնել բանակցային գործընթացը: Դրա գրավականներից մեկն էլ այն է, որ իրենք համաձայնվում են ընդունել հայ դպրոցականների պատվիրակությանը, որոնք օլիմպիադային են մասնակցելու, սպորտսմեններին: Դա լավ է, քանի որ խնդիրը պետք է բանակցային տարբերակով լուծել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031