Մայիսի 8–ին Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ թեմի երիտասարդներն Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ Հաղթանակի գոհաբանական աղոթք վեր առաքեցին Շուշիի ս. Ղազանչեցոց եկեղեցում: Հաղթանակի աղոթք առաջին անգամ էր կազմակերպվել, սակայն երիտասարդները վստահ են, որ Հայաստանի ու Արցախի պատմության մեջ նման առիթներ բազմաթիվ են լինելու: Երիտասարդները հաղթանակի աղոթքում խնդրեցին Աստծուն, որ օրհնությամբ լցվի Արցախ աշխարհը, որ Աստծո շնորհը, սերն ու հավատքն ուժ տան իրենց, որ դառնան միակամ ու միաբան, որ մնան մեկ ազգ ու մեկ եկեղեցի…
Եռօրյա ուխտագնացության ընթացքում երիտասարդները հոգևոր ու ազգային երգերի համերգային ծրագրով այցելեցին ԼՂՀ ՊԲ զորամասեր: Ելույթ ունեցան ԱՀԹ «Ծաղկազարդ», «Արարատ» երգչախմբերը և «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը: Զինվորները մեծ աշխուժությամբ ու ոգևորությամբ մասնակցեցին թեմի երիտասարդների կողմից կազմակերպած խաղերին՝ լախտի, քաշոցի, ֆուտբոլ, վալեյբոլ և այլն: Երիտասարդները զրուցեցին զինվորների հետ հոգևոր թեմաների շուրջ:
ԼՂՀ ՊԲ N զորամասում ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող, առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը պարգևատրվեց բանակ- հասարակություն սերտ կապերի համագործակցության համար պատվոգրով: Պատվոգրի արժանացան նաև «Ծաղկազարդ» համախումբն ու գեղ.ղեկավար Լիլիթ Գրիգորյանը՝ համերգային ծրագիր ներկայացնելու և անձնակազմի բարոյահոգեբանական ոգին բարձրացնելու համար:
ԱՀԹ «Արարատ» երիտասարդաց միության նախաձեռնած «Նամակ զինվորին» ծրագրով զինվորներին փոխանցեցին մանկատների, գիշերօթիկ դպրոցների ու երեխաների խնամքի կենտրոնների սաների քաջալերող նամակները: Այս անգամ նամակներ էին գրել թեմի երիտասարդց միությունների անդամները:
Կարդացեք նաև
Ուխտավորներն այցելեցին նաև Տիգրանակերտ: Մայիսի 10-ին Գանձասարի ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մասնակցեցին ս. պատարագի:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Հաղթանակի աղոթք՝ նվիրված Շուշիի ազատագրման 23-ամյակին
«Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո»: Սաղմոս ԽԱ 17
Գոհությո՛ւն Քեզ, Տե՛ր Աստված մեր, որ շնորհ արեցիր մեզ՝ գտնվելու այս պատմական հողի վրա և սրբություն ճառագող այս եկեղեցում, որի քարեղեն պատերի մեջ կարդում ենք մեր հայրերի հավատքի հոգեղեն ներկայությունը… Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված, որ մեզ առաջնորդեցիր: Եղար ոգեշնչողը, մարտակիցն ու զինակիցը մեր պատերազմի: Վերստին վերադարձրիր այստեղ հայ կյանքն ու չթողեցիր, որ այն խափանեն: Փա՛ռք Քեզ, Երկնավո՛ր Տեր, որ հավատարիմ, քրիստոնյա և հերոսական ազգի զավակներ ենք:
Հաղթանակա՛ծ ազգի զավակներ: Մենք խոնարհվում ենք մեր սրբերի և հերոսների առաջ: Նրանք գերեզմանված չեն, մեր սրտերում են, հոգիների ու հիշողության մեջ: Խունկ և աղոթք նահատակների սուրբ հիշատակին: «Խաղաղություն զիմ տամ ձեզ…» (Հովհաննես ԺԴ 27): «Տէր Աստուած մեր տու՛ր զքո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի… Նշանաւ սուրբ եւ պատուական խաչի քո՝ հալածեա՛ սահմանաց մերոց եւ ի բարկութենէս մերմէ» (Ժամագիրք):
Ողորմա՛ծ Աստված, զորավոր Խաչովդ պահպանիր մեր սահմանների բոլոր պատնեշները: Գոտեպնդիր հայոց քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի ու աներևույթ թշնամու հարվածներից: Բարեսե՛ր Տեր, ընդունիր ուխտավոր զավակներիդ աղոթքն առ Աստված: Թող իբրև ահեղ կոչնակ՝ ղողանջեն զանգերն այս եկեղեցու և միախառնվելով մեր խնդրանքներին՝ առաքվեն վեր, դառնան Հայր Աստծուն ձոնված օրհներգ ու փառաբանում: Եվ օրհնությամբ թող լցվի Արցախ աշխարհը: Աստծո շնորհը, սերն ու հավատքն ուժ լինեն մեր կյանքում: Լինենք միակամ ու միաբան: Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի: Եվ թող Ամենազոր Աջը Քո հովանի լինի մեր ժողովրդին ի Մայր Հայաստան, ի Արցախ և ի Սփյուռս աշխարհի: Ամեն:
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԺԻՆ