Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ԲՀԿ-ից միայն անունն է մնացել. Գ. Ջհանգիրյան

Մայիս 11,2015 17:20

 «Parliamentmonitoring»-ն այսօր հարցազրույց է հրապարակել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

– Պարոն Ջհանգիրյան, չե՞ք նկատում, որ իշխանության առաջարկած սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի համախմբումը ստվարանում է: «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացրեց իր առաջարկությունները, մինչդեռ ոչ վաղ անցյալում մերժում էր սահմանադրական բարեփոխումների գործընթացը: ՀՅԴ-ն ավելի վաղ էր ներկայացրել իր առաջարկությունները:

– Ես չեմ տեսնում այդ համախմբումը, ավելի շատ անորոշություն եմ տեսնում: ՀՅԴ-ն ի սկզբանե կողմ էր այդ փոփոխություններին, և այդ կուսակցության դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չեմ տեսնում: Հակառակը, ՀՅԴ գործիչների արտահայտություններում տեսնում եմ մտավախություն, որ այնքան էլ վստահ չեն, թե այդ փոփոխությունները կարող են ընթանալ պառլամենտական համակարգի ներդրման ուղղությամբ:

– «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ այդ փոփոխությունների դեմ նախկին էնտուզիազմով չի պայքարում:

– ԲՀԿ-ն նախկին ԲՀԿ-ն չէ, որ ես հիմա այդ կուսակցության դիրքորոշումը համեմատեմ իր նախկին դիրքորոշման հետ: Ձեր կարծիքով ՝ նո՞ւյնն է:

– Պարզապես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր հայտարարել , թե այն հանգամանքը, որ մարտի 12-ին 7 կուսակցություններ Բաղրամյան 26-ում հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ, արդեն համախմբում է:

– Ես չեմ կարող այդպիսի բան ասել: ՕԵԿ-ը թեև ինչ-որ առաջարկություններ է ներկայացրել, բայց կրկին կիսանախագահական կառավարման մոդելի կողմնակից է: ԲՀԿ-ից էլ նախկին անունն է մնացել:

– Ամեն դեպքում սահմանադրական փոփոխությունների նկատմամբ նախկին դիմադրությունը կոտրվել է:

– Իշխանական այդ ողջ օպերացիայի իմաստն այն էր, որ միասնական ճակատը քանդվեր:

– Փաստորեն իշխանություններն այժմ կարող են ավելի վստահ քայլերով գնալ դեպի այդ փոփոխությունները:

– Ես այդպես չեմ կարծում: Պառլամենտական կառավարման համակարգը, եթե նույնիսկ նախընտրելի է իշխող քաղաքական ուժի համար, միևնույնն է, մեծ վերապահումներ ունի: Այն Հայաստանի, այսօրվա մեր ռեալ քաղաքական, աշխարհագրական իրավիճակի համար և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և վտանգի առկայության պայմաններում խիստ ռիսկային որոշում կլինի:

 

 

Հնչած տեսակետների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը հրապարակել է ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանի մեկնաբանությունը. «Նախ՝ սահմանադրական փոփոխությունների մասով. մեր դիրքորոշումը մնացել է անփոփոխ, և մենք այն քանիցս հաստատել ենք։ Ինչ վերաբերում է պարոն Ջհանգիրյանի հնչեցրած գնահատականին, ապա մենք այն համարում ենք առնվազն խիստ անկոռեկտ։ Մենք բոլոր քաղաքական ուժերի հանդեպ ունենք հարգալից վերաբերմունք և միշտ պատրաստ ենք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակության։ Սակայն ցանկացած անհարգալից և ոչ կոռեկտ ձևակերպում, բնականաբար, պատասխան պիտի ստանա։

Մենք ակնկալում ենք, որ ՀԱԿ պատասխանատուներն այս հարցին կանդրադառնան։ Չնայած՝ հանրությունը, կարծում եմ, հրաշալի գիտի, թե որ քաղաքական ուժից ինչ է մնացել, և որ քաղաքական ուժն ընդհանրապես գոյություն ուներ թե ոչ, ու եթե ուներ՝ ում հաշվին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031