Ռուսաստանյան եւ հայաստանյան տեխնոլոգիաներ
Ֆրանսիացի պատմաբան Անրի Բեզանսոնն իր հոդվածներից մեկում նշում է, որ Ռուսաստանի խնդիրը ոչ միան տնտեսական եւ քաղաքակրթական իմաստով Եվրոպայից հետ մնալն է, այլեւ այդ հետամնացությունը հաղթահարելու անհաջող փորձերը եւ, որպես հետեւանք, անհաջողությունները փոխհատուցելու մեխանիզմները, որոնք խորացնում են անդունդը: Այս մեխանիզմներն, ըստ պատմաբանի, երեքն են՝ կրոնը, կայսերապաշտական զգացմունքները եւ սուտը:
«Մեր բոլոր նողկալի երեւույթները լավն են այնքանով, որքանով մերն են, տոգորված են ազգային ու կրոնական ոգով»՝ սա բարդույթները հաղթահարելու կրոնական ճանապարհն է: «Մենք հպարտ ենք, որ ցամաքի մեկ վեցերորդը մերն է, մենք փրկեցինք Կովկասի եւ Միջին Ասիայի ժողովուրդներին բարբարոսությունից, մենք նվաճել ենք Ուկրաինան, Լեհաստանը եւ Մերձբալթիկան, որովհետեւ նրանք մեր եղբայրներն են՝ չնայած այդ բոլոր «նվաճվածները» երբեմն անշհորհակալ, «ուտող-ուրացող են լինում»՝ սա հետամնացությունը երեւակայության մեջ հաղթահարելու «կայսերապաշտական» միջոցն է: «Մենք բացարձակապես հետ չենք մնում Եվրոպայից, իրականում մենք որոշ ոլորտներում նրանից առաջ ենք»՝ դա խնդիրը լուծելու «ստի տեխնոլոգիան» է: Այդ երեք միջոցները կիրառվում են առնվազն երեք դար շարունակ:
Քանի որ Հայաստանը հիշյալ երեք դարերից երկուսի ընթացքում մեծապես կրում է Ռուսաստանի ազդեցությունը, մենք, բնականաբար, ընդօրինակում ենք նաեւ հետամնացությունը քողարկելու ձեւերը: «Կայսերապաշտական» մեթոդը, բարեբախտաբար, մեր դեպքում կիրառելի չէ: Մենք այդ մեթոդի, այսպես ասած, «օբյեկտն» ենք: Այստեղ վատն այն է, որ մենք հաճախ անվերապահորեն ընդունում ենք, որ մինչեւ 1820-ական թվականները մենք՝ հայերս, խարխափում էինք բարբարոսության խավարում եւ կարողացանք դուրս գալ այս վիճակից միմիայն ռուսական կայսրության շնորհիվ: Այդ դեպքում մենք պետք է ընդունենք նաեւ, որ այն լեզուն, որով խոսում ենք, եւ այն տառերը, որոնք գրում ենք, առաջացել են գեներալ Պասկեւիչի գործուն միջամտությամբ:
Կարդացեք նաև
Մնացած երկու մեթոդները մենք կիրառում ենք «մեծ խանդավառությամբ»: Նախ՝ պետք է նշել, որ մեր եկեղեցին որքան դրական դեր է խաղացել Հայաստանի պատմության մեջ, այնքան էլ՝ բացասական. ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանում: Երկու դեպքում էլ եկեղեցին խոչընդոտել է ասպետականության եւ աշխարհիկ արիստոկրատիայի ստեղծմանը, երկու դեպքում էլ հաջողությամբ ճնշել է «այլընտրանքային» շարժումները, որի հետեւանքով մենք չենք ունեցել «ռեֆորմացիա», ինչը եվրոպական մշակույթի անբաժանելի մասն է: Բայց առավել կարեւորն այն է, որ ներկայումս երկու երկրներում էլ պաշտոնական եկեղեցին որեւէ ձեւով բարեփոխվելու միտումներ չի ցուցաբերում եւ պայքարում է ինչ-որ «անաղարտության» համար՝ ամենեւին չլինելով անաղարտ: Հակառակը՝ շատ անգամ դրսեւորելով փակ, բյուրոկրատական կառույցի հատկանիշներ: Աղանդները, մասնավորապես, մեր երկրում այդքան չեն զարգանա, եթե Մայր եկեղեցու վերնախավն իրեն չդրսեւորի որպես բարձրաստիճան բիզնեսմենների «աղանդ»: Իհարկե, Ռուսաստանում եկեղեցականներն ավելի ակտիվ են պայքարում «այլասերված Եվրոպայի» դեմ, քան մեզանում: Հայաստանում այդ դերն են ստանձնում հիմնականում մարգինալ հասարակական խմբերը:
Ինչ մնում է սուտ ասելուն, ապա այստեղ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանություններն իրար հետ կարող են մրցել: Այդ թեման, իհարկե, առանձին մեկնաբանությունների եւ օրինակների կարիքը չունի: Պարզապես ասեմ, որ թե՛ իշխանությունը եւ թե՛ հասարակությունը պետք է ազնիվ եւ անաչառ ձեւով արձանագրեն, թե որտեղ ենք մենք գտնվում տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային առումով եւ չփորձեն «լղոզել» վիճակը «սփոփիչ» բառերով: Առավել եւս՝ չփորձեն մտածել «յուրահատուկ ճանապարհի» մասին: Ինչպես ասել է ֆրանսիացի մեկ այլ պատմաբան՝ Ֆրանսուա Գիզոն (ի դեպ, կարճ ժամանակ՝ 1847-1848 թվականներին՝ երկրի վարչապետ), «պատմությունը մի գործընթաց է, որը միջին խավի ստեղծմամբ եւ ամրապնդմամբ բերում է սահմանադրական ազատության հաստատմանը: Այդ գործընթացի անունը քաղաքակրթություն է»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.05.2015 թ.
Համամիտ եմ հարգելի Աբրահամյան:
ու ինչքա՞ն էր սրա գինը … 100 դոլլլլա՞ր 😀