Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղում սողանքային ակտիվ գոտի կա: Գետահովտի գյուղապետ Արթուր Ղազարյանին հարցրինք, թե շուրջ մեկ ամիս տեւած անձրեւներից հետո սողանքային գոտին չի՞ ակտիվացել: Նա հայտնեց, որ իրենք կարողացել են գտնել սողանքային գոտու ստորգետնյա ջրի հոսքի տեղը, կատարել ջրահեռացում:
Գյուղապետի վկայությամբ՝ սողանքի դեմ պայքարի գործում աջակցում է ճապոնական «Ջայկա» կազմակերպությունը, որը 27 մետր խորությամբ հորատանցք է բացել, բացված անցքերի միջոցով ջրահեռացում արել, սողանքի ակտիվացումը, այդտեղ ջրի մակարդակի բարձրացումը արձանագրող ավտոմատ սարքեր տեղադրել:
Ա. Ղազարյանը հայտնեց, որ գյուղում կա սողանքից վթարայնության տարբեր աստիճան ունեցող 90 տուն: 1997-98թթ. դրանցից 7 -ի տերերին պետբյուջեից դրամական աջակցություն է ցուցաբերվել, վերջիններս նոր տեղում տուն են կառուցել կամ գնել: Գյուղապետն ասաց, որ 3 տարի առաջ սողանքից տուժած մի ընտանիքի պետբյուջեից 5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն է տրվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ