Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը վարչապետական հավակնություններ չունի՞

Մայիս 11,2015 16:31

Հովհաննես Մարգարյանը սպառնում է՝ ՕԵԿ խմբակցությունն ավելի է ակտիվանալու

– Վերջին շրջանում լուրեր են պտտվում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնարավոր պաշտոնանկության մասին: Ասում են նաեւ, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նորից դրսեւորում է վարչապետ դառնալու իր հավակնությունները: Ուշագրավ է, որ ՕԵԿ խորհրդարանական խմբակցությունը վերջին շրջանում առավել ակտիվ, քան մինչ այժմ էր, սկսել է քննադատել Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությանը: Պատճառահետեւանքային կապ կա՞ այս ամենում:

– Նախ՝ ՕԵԿ-ը միշտ էլ ակտիվ է եղել: Սա նորություն չի, սա բոլորը գիտեն:

– Վերջին շրջանում առավել եք ակտիվացել՝ ոչ մի հարց տալու, ելույթի հնարավորություն բաց չեք թողնում՝ անկախ քննարկվող հարցից:

– Առավել ենք ակտիվանալու: Եթե քառապատկվել է մեր ակտիվությունը՝ տասնապատկելու ենք, որովհետեւ մենք միշտ կոչված ենք եղել նրան, որ առավել ակտիվ գործենք խորհրդարանում: Բոլորն էլ այդ հնարավորությունը ունեն: Էստեղ ի՞նչ է՝ վատ բա՞ն կա: Կարծում եմ՝ դա մեր առաքելությունն է:

– Դա կապ ունի՞ Արթուր Բաղդասարյանի հավակնությունների հետ:

– Մենք միշտ ակտիվ ենք եղել եւ շարունակում ենք, ի՞նչ կապ ունի: Եթե ուսումնասիրենք՝ 2003, 2004… ամեն տարի, եթե ուսումնասիրենք, առավել ակտիվը մենք ենք եղել, ամենաշատ օրենսդրական նախաձեռնությունների, առաջարկությունների հեղինակ, համահեղինակ եղել է ՕԵԿ-ը: Այսինքն՝ մենք մեր որդեգրած սկզբունքներին միշտ տեր ենք կանգնել:

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ կառավարության աշխատանքներին, մենք միշտ առաջնորդվել ենք լավին՝ լավ, վատին՝ վատ սկզբունքով: Եվ այս տեսանկյունից մեր այն գնահատականները, որոնք հնչել են մեր կողմից՝ կառավարության աշխատանքի վերաբերյալ, եղել են շիտակ, ազնիվ: Այն, ինչ մենք տեսնում ենք առօրյա, կարելի է մեկ բառով ասել՝ արդյունքն է մեր կառավարության աշխատանքի: Խնդրեմ, արդյունքում մենք ամեն օր ականատեսն ենք լինում մարդկանց արդարացի դժգոհությունների՝ սկսած աշխատավարձերի չվերադարձնելուց, արտահանման էապես նվազումից, արտագաղթի ավելացումից… Ասացիք՝ Արթուր Բաղդասարյանն ինչ-որ վարչապետական… այդպիսի հարցով պայմանավորված չի մեր ակտիվությունը:

– Բայց կա՞ նման հավակնություն, վերջին օրերին ՕԵԿ-ում եղած փակ քննարկումներում այդ հարցը շրջանառվե՞լ է:

– Նման հավակնություն չկա: ՕԵԿ քաղաքական օրակարգում նման խնդիր չունենք:

– Կառավարության թերացումներին վերաբերող ձեր թվարկած բոլոր հարցերն էլ տասնամյակների պատմություն ունեն, վերջին շրջանում չեն առաջացել: Կարծում եք՝ մեկ տարին բավարար ժամկե՞տ էր, որ Հովիկ Աբրահամյանն իր կառավարությամբ դրանք կարողանար միանգամից լուծել:

– Ընդամենն ասեմ, որ Հովիկ Աբրահամյանի եւ իր կառավարության աշխատանքներում մաղթում ենք հաջողություններ: Ընդհանուր առմամբ սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է, բայց երբ համադրում ես կառավարության ներկայացրած բոլոր գործողությունների ծրագիրը, որն ուղղված է ժողովրդին այս վիճակից դուրս բերելուն, չի համընկնում: Օրինակ՝ երեկ ես զարմացա, երբ կառավարությունը բերել է օրենքի նախագիծ եւ ասում է, որ արտերկրի աշխատակիցները մինչ այժմ անլեգալ են աշխատել Հայաստանում, եւ ՀՀ քաղաքացիություն չունեցող աշխատողների համար պիտի աշխատանքային պայմանագրեր ստեղծվեն եւ այլն: Հարց ես տալիս, ու պարզվում է՝ 70 հազար մարդ է: Ես չեմ հավատում: Դուք հավատո՞ւմ եք այդ թվին: Հետո էլ ասում են՝ այդ 70 հազարը ազգությամբ հայեր են, ուղղակի ՌԴ քաղաքացիներ են՝ այստեղ են աշխատում: Ի սեր Աստծո, դրան էլ չեմ հավատում: Մարդիկ ՌԴ քաղաքացի են դառնում, որ էնտեղ անխափան աշխատեն: Եթե այդպես է, ուրեմն կառավարության բոլոր ծրագրերը կձախողվեն: Ինքն իր առաջ խնդիր է դրել, որ արտագաղթելու թիվ մեկ միջոցն աշխատատեղերի ստեղծումն է. դե, թող ստեղծեն՝ հայաստանցիներն աշխատեն, որ չարտագաղթեն ՌԴ: Մի բան էլ ասում են՝ գնացեք, էնտեղ եկամուտ ստացեք, եկամուտն ուղարկեք Հայաստան:

Ես անձերից չեմ խոսում, կառավարության գործունեության գնահատականը ձեռք բերված թվերն են: Այսօր չկա մի թիվ տնտեսության մեջ, որով մատնանշենք, որ սա ձեռքբերում է:

– Կառավարությունը բացատրում է, որ անկումները պայմանավորված են համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքական, տնտեսական զարգացումներով, ինչի արդյունքում բոլոր երկրներում էլ անկում է գրանցվում:

– Ավարտվեց «գազի» խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը, տեսեք, թե ի՞նչ խոսուն թվեր ենք տվել, միլիարդների մասին է խոսքը: Այդ գումարները կարող էին էական ազդեցություն ունենալ սակագների վրա, եւ այսօր ոչ էլեկտրաէներգիան կթանկանար, ոչ գազը, դրանցով էլ պայմանավորված՝ ապրանքները: Ի՞նչ կապ ունի սա միջազգային տնտեսական փոխհարաբերությունների հետ:

– Խորհրդարանական ընդդիմադիր ուժերն ինչ-որ գործնական քայլեր կարո՞ղ են անել, որ բացահայտված թվերն իրական ազդեցություն-անդրադարձ ունենան մեր կյանքի վրա:

– Հրապարակվեց, բոլորի ուշադրությունը հրավիրվեց այդ թվերի վրա, հիմա պետք է հետեւություն անեն:

– Թվերը հրապարակվեցին, իշխանական պատգամավորներն էլ բավական կրքոտ ելույթներ ունեցան: Այդ ամենն անցավ պատմության գիրկը եւ վե՞րջ:

– Պետք է արագ առանձին ենթահանձնաժողովներ, աշխատանքային խմբեր ձեւավորվեին կառավարությունում, վերլուծեին ու պահանջը հասկանային:

– Ինչո՞ւ նախագահից չեք պահանջում գործնական քայլեր:

– Մենք բոլորից էլ պահանջում ենք: Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորություններով պետական որ ինստիտուտը պատասխանատվություն է կրում՝ նրանից էլ պահանջում ենք: Գործադիր իշխանությունը պիտի առավելագույն ջանքերը գործադրի, իսկ մենք մի քայլ առաջ, երկու քայլ ետ ենք անում: Շատ ծանր վիճակ է ստեղծվել, եւ այն հղի է անդառնալի հետեւանքներով:

– Անդառնալի ո՞ւմ համար՝ քաղաքացիների՞, թե՞ իշխանության:

– Նաեւ երկրի համար: Բոլորի համար: Մարդիկ գոյատեւելու տարբերակ չունեն: Միայն Գյումրիում օրական հարյուրավոր ծերեր ու երեխաներ սոված են քնում: Էս ո՞ւր ենք հասել, մարդը երեխաների հետ գոմում է բնակվում:

– Իշխանությունն արհամարհում է այդ ամենը, քայլեր չի անում, ընդդիմությունն էլ ասում է՝ ես հեղափոխական չեմ, սահմանադրական ճանապարհով եմ գնում, բա մարդիկ ի՞նչ անեն:

– Մենք բարձրաձայնում ենք, այս ամենի դեմ պայքարում ենք, եւ կարծում եմ՝ կառավարությունը լրջագույն հետեւություններ կանի: Ճիշտ եք ասում՝ կամ կառավարությունը քայլեր պիտի անի, կամ հրաժարական տա, կամ էլ հեղափոխություն պիտի լինի: Ես միշտ կողմ եմ եղել, որ առաջինը հեղափոխություն անենք մեր ուղեղներում: Սա արդյունք է հինգ հազար դրամանոց քվեարկության: Այլ բան, եթե մենք գնում եւ քվեարկում ենք հոգու մտոք ու տեսնում ենք, որ մեկը փորձում է կեղծել՝ պիտի գնանք հրապարակ ու մեր ձայներին տեր կանգնենք: Բայց չենք գնում: Դրա համար էլ այսօրվա դրությամբ այլ բան հնարավոր չէր տեսնել: Ցավ է, բայց փաստ՝ գնալով մեր քաղաքացիները իրենց մաշկի վրա հասկացան հինգ հազար դրամի, ձայն վաճառելու դառնությունը:

– Այդ թվում նաեւ ՕԵԿ-ն էլ էր հինգ հազարական դրամներ բաժանում…

– ՕԵԿ-ը երբեւէ գումար չի բաժանել ու չի բաժանելու: ՕԵԿ-ը գումար էլ չի ունեցել, որ բաժանի:

– Մուրաբաներ եւ օծանելիք էր բաժանում:

– Տեսեք, ուղղությունն արդեն փոխեցիք: Էդ ես հանգիստ խղճով ասում եմ: Վեր՝ Աստված, վար՝ մենք: ՕԵԿ-ը երբեք չի բաժանել, չի բաժանելու, երբեք իրեն թույլ չի տա: Ուղղակի ՕԵԿ-ացավությամբ բոլորը տառապել են: Գործը հասել է նրան, որ զավեշտի է վերածվել, ասում են՝ ինչի՞ ես ակտիվ: Բայց որ ակտիվ եմ՝ տեսնում է, որ ժողովուրդն ասում է՝ մարդիկ վազում են, աշխատում են: Միշտ էլ ակտիվ ենք եղել: Քառապատկվել է՝ տասնապատկելու ենք:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

09.05.2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031