Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեռնը Թույիկից մանկությունն է խլել, Հայրենական մեծ պատերազմն էլ՝ ամուսնուն

Մայիս 11,2015 16:23

Այս պատմությունը պապիկիս՝ Միսակ Ամիրյանի կյանքի մի փոքրիկ դրվագն է՝ 1914-15 թվականներից, որը ինձ փոխանցել է մայրս՝ Թույիկ Միսակի Ամիրյանը: Պապս ծնվել է 1880թ., Էրզրումի նահանգի Բասենի շրջանի Յաղան գյուղում: Եղել է ազատագրական պայքարի անդամ, որի ղեկավարը Գրիգոր Ջուվարյանն էր (Գոմաձորի բնակիչ): Նրանք զենք-զինամթերք են հասցրել ապստամբ հայերին: 1908թ. Սահմանադրությունից հետո Միսակին առաջադրվում է ղեկավար պաշտոն: Այդ հնարավորությունն օգտագործելով՝ նա ավելի շատ է օգնում հայերին: Իր անբասիր աշխատանքի համար նա պարգեւատրվում է մեկ ձիով եւ 10 կրականոց ատրճանակով: Հայ եւ թուրք ռեակցիոնները հետեւում են նրան, զենք տեղափոխելու ժամանակ Քեբրուքեյի մոտ գտնվող կամրջի տակից գաղտնի կրակում են թունավոր գնդակով: Միսակ Ամիրյանը վիրավորվում է ոտքից, տեղափոխվում հիվանդանոց: Նրա կերակուրի մեջ լցնում են թույն, իսկ որոշ ժամանակ անց դուրս են գրում՝ որպես անհույս հիվանդի: Միսակ Ամիրյանը մահանում է:

1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Ժողովրդի վիճակը վատանում է, սկսվում է կոտորածն ու գաղթը: Ամիրյանների ընտանիքը մի կերպ հասնում է Կաղզավան, հետո Ղարղառատ, մի մասն էլ Հայաստան՝ Սարիղամիշի մոտ գտնվող Գյուլաթափ գյուղ: Մայրս՝ Թույիկը, պատմում էր, որ շատ ծանր էր ժողովրդի վիճակը, այդ թվում՝ նաեւ իրենցը: Թույիկի մայրը՝ Էլբիսը, հաց էր թխում զինվորների համար, եւ այդ վաստակով ապրում էին: Մորաքույրս՝ Զաբելը, մի հրացան է գտնում, որ կարողանա պաշտպանել իրենց:

4-i tak

Սկսվում է ծանր եւ դժվարին գաղթի ճանապարհը: Զինվորական գնացքով տատս երկու աղջիկների հետ տեղափոխվում է Թբիլիսի, որտեղ շատ էին գաղթականները, տարածված էին տիֆը, քոսը, դիզենտերիան: Այստեղ միանում են իրենց հարազատներին: Նորից սկսվում է տանջալից ճանապարհը. այս անգամ նրանք պետք է անցնեին Արազը, որը շատ վարար էր: Գետն անցնելիս շատ ու շատ մայրեր ու երեխաներ են զոհվում: Գաղթի ճանապարհին մայրս՝ Թույիկը, հիվանդանում է աչքացավով, կորցնում մի աչքի տեսողությունը: Կրկին բռնում են գաղթի ճանապարհը, բայց այս անգամ գնացքով: Սակայն բոլորը չեն կարողանում նստել, այդ թվում՝ մայրիկիս մայրը եւ քույրը: Ծանոթներից մեկը տատիս ասում է, որ Թույիկին կիջեցնեն հաջորդ կանգառում, իսկ նրանք հաջորդ գնացքով կգան եւ կգտնեն նրան: Այդպես էլ լինում է…

Նորից իրարանցում է սկսվում, որբերին տեղափոխում են Լենինական, իսկ հետո՝ Ղարսի որբանոց (Կազաչի պոստի ընդունարան): Մայրիկիս վիճակը նորից վատանում է, եւ նրան տեղափոխում են հիվանդանոց, կապում աչքերը: Լսվում է թնդանոթների ուժգին պայթյուն: Մայրս սկսում է փնտրել իր քրոջը՝ Զաբելին: Բուժքույրը մոտենում է եւ ասում, որ չվախենան, քանի որ այդ համազարկերով ազատագրվում է Հայաստանը…

Թույիկը հանդիպում է էրզրումցի Հայկազ Կակաչյանին, ամուսնանում, երեխաներ ունենում: Բայց կյանքը նորից խաղաղ չէր:

Սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, որին մասնակցեց նաեւ հայրս՝ Հայկազ Կակաչյանը, տանը թողնելով 5 երեխաներին: Նա չվերադարձավ պատերազմից, մայրս ստացավ անհայտ կորածի թուղթը, բայց թե որտեղ, որ քաղաքում՝ պարզ չէր:

«Բայց ես՝ Թույիկս, գոհ եմ իմ ժողովրդից եւ նրանց ղեկավարներից, որ իմ երեխաներին դաստիարակեցի եւ տվեցի ուսման, եւ պիտանի դարձան իրենց հայրենիքին՝ մայր Հայաստանին»,- կենդանության օրոք մեզ՝ զավակներիս, ասում էր մայրս:

ՌԻՄԱ ԿԱԿԱՉՅԱՆ

թոշակառու

Հ. Գ. Միսակ Ամիրյանի եւ նրա գերդաստանի մասին ընդարձակ պատմությունը պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    Վայ՞, հազիվ մի նօրմալ բան տպվեց, այն ել կիսատ պռատ, շտապ շտապ, մի շնչօվ գրվաց; ավելի մանրամասըն վօր կայքւմ կարդամ՞

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031