«Շատ ուրախ եմ, որ հիմա փորձ է կատարվում փորձանքը հաղթահարելու համար, տա՛ Աստված, որ այդ փորձը հաջողվի»,- մայիսի 11-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն անդամակցությանը, հայտարարեց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:
ԵՏՄ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անհրաժեշտ էր համարել ընդլայնել համագործակցության աշխարհագրական տարածքը հարավային ուղղությամբ՝ Իրանի հետ ավելի սերտ կապերի հաստատման միջոցով: Իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը անդրադարձել էր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելուն:
Արշակ Սադոյանի խոսքերով՝ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը ճիշտ քայլեր է կատարում. «Իրանը մեզ համար միակ ռազմավարական դաշնակից երկիրն է, որովհետեւ համոզված եմ՝ Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը վերսկսվի: Բնական է՝ մենք պետք է աշխատենք, որ Իրանի հետ մեր հարաբերությունները հնարավորինս լավ զարգանան»:
Արշակ Սադոյանը համարում է, որ ե՛ւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ե՛ւ Սերժ Սարգսյանը հասկանում են, որ Եվրասիական տնտեսական միությանը ո՛չ Իրանը, ո՛չ Չինաստանը, ո՛չ Թուրքիան չեն անդամակցի. «Հո հիմար չե՞ն, որ անդամակցեն, հո ապուշ չե՞ն: Այդպիսի վտանգավոր միություն, որի վրա պատժամիջոցներ են կիրառվում, հո չե՞ն մտնի: Մեր նախագահի կողմից դա դրական քայլ է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ