Վենետիկի Բիենալեի կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ազգային տաղավարը շահել է «Ոսկե առյուծ» մրցանակը՝ լավագույն ազգային մասնակցության համար: Հայաստանը հեղինակավոր այս հարթակում ներկայացել է «Հայություն» խորագրով ցուցադրությամբ ու սփյուռքահայ 18 արվեստագետներով: Բիենալեի տաղավարի համադրողն է Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը:
Aravot.am-ը արվեստաբան Նազարեթ Կարոյանից հարցրեց՝ ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանի փառահեղ հաղթանակը՝ բարձրակարգ արվեստագետների մասնակցությա՞մբ, Հռոմի պապի քաղաքական ելույթի հետեւա՞նք էր, թե՞ այլ պատճառ կար: «Ես պետք է արձանագրեմ մեկ փաստ՝ սա պատմական գնահատական է, որի համար տասնամյակներ կարող էինք երազել՝ բոլոր բնագավառների արվեստագետներով եւ մշակույթի գործիչներով: Սա աննախադեպ բան է բոլոր ժանրերի արվեստների առումով, եւ ուրախ եմ, որ հենց կերպարվեստի բնագավառին տրված գնահատական է: Մեր կերպարվեստը միշտ էլ եղել է առավել առաջատար դիրքերում»,-ասաց պարոն Կարոյանը:
Նա ցավով փաստեց, որ ի տարբերություն երաժշտության, թատրոնի, կինոյի եւ այլ ոլորտների, ժամանակակից արվեստի ոլորտում ներդրումները զրոյական են: «Ժամանակակից արվեստը մի բան է, որ մեր հասարակությունը դեռեւս լավ չի հասկանում, այդ պատճառով էլ ծնվում են բացատրություններ, թե Հռոմի պապի պատարագն էր պատճառը, կամ այլ բաներ: Այս ամենը գալիս է չհասկանալուց: Ժամանակակից արվեստը կրթական, քաղաքական ուղղվածության արվեստ է: Ինչ խոսք, որ խոշորացույցը պատարագով դրված իր գործը կատարում է, բայց պետք է նաեւ փորձենք ինքնագնահատվել: Այն, ինչ գնահատվել է, իրականում այն է, ինչ ինքներս չենք կարողանում գնահատել՝ մեր նվիրվածությունը, մեր ջերմությունը՝ աշխարհի եւ մեր հարազատների նկատմամբ, սերը: Այսօր աշխարհում, հենց հիմա Վենետիկում կտեսնենք մարդկության երեւակայության թռիչքները, մարդկության քննադատական մտքի սուր արտահայտությունները, տեխնոլոգիական բարձր նվաճումները, երեւակայությունը, այդ ամենը աշխարհը լիուլի ունի: Իսկ այն, ինչ գնահատվել է մեր տաղավարում, ինչ պակասել է աշխարհին»,-կարծում է արվեստաբանը:
Նազարեթ Կարոյանը նաեւ փաստում է. «Բարձր գնահատականը, որին Հայաստանն արժանանում է ներկայացուցչական այդ բարձր համաժողովին, ցավոք, բացարձակապես կապ չունի այն իրադրության հետ, որի մեջ գտնվում է մեր ժամանակակից արվեստը Հայաստանում: 20-ամյակի ընթացքում մենք զարգացրինք մեր ներկայացուցչական կարողությունները՝ Սփյուռքի ներդրումներով, ՆՓԱԿ-ի շնորհիվ, ներկայացուցչական մակարդակը բարձրացնելու գործով էինք տարիներ շարունակ զբաղված, 2011-ից էլ մշակույթի նախարարությունը միացավ դրան…Ցավոք, այն, ինչ կա այսօր Հայաստանի ժամանակակից արվեստում, փշրանքներն են այն ձեռքբերումների, որ վերջին 50-60 տարիներին Հայաստանում շարունակաբար եղել է: Պրակտիկորեն ներդրումներ չեն լինում ժամանակակից արվեստում, մեր արվեստի տնտեսությունը գտնվում է խայտառակ վիճակում: Ես հույս ունեմ, որ այս Բիենալեի արդյունքը բարերար ազդեցություն կունենա այդ առումով, հայացք կնետեն մեր արվեստի դաշտի խնդիրների վրա, կօգնեն այն սակավ գործիչներին, որոնք փորձ են անում դիմադրել փոշիացման եւ անհետացման տենդենցների դեմ»:
Կարդացեք նաև
Նազարեթ Կարոյանը չի ընդունում այն տրտունջները, թե Վենետիկի Բիենալեին ներկայացնող արվեստագետները Հայաստանից չէին, ասում է՝ նրանք Հայաստանի արվեստի դաշտը հաղորդակցող անոթներն են եւ չարժի նման տարանջատում դնել, դա նույնն է, որ ասես Արշիլ Գորկին կամ Քոչարը մեր արվեստի մաս չեն կազմում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Նազարեթ Կարոյանի լուսանկարը՝ boon.am-ից: