Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանը դիմել է «Նորավանքին» ՝ ՀՀ ժողովրդագրական իրական պատկերը տեսնելու համար (Տեսանյութ)

Մայիս 11,2015 15:55

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը «Նորավանք» հիմնադրամին պատվիրել է հետազոտություն անել Հայաստանում ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ եւ առաջարկություններ ներկայացնել այդ խնդիրների լուծման ուղղությամբ:

Այսօր «Փաստարկ» ակումբում հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն ասաց, որ ժողովրդագրական խնդիրը մեր երկրի ամենավտանգավոր մարտահրավերն է վերջին տարիներից սկսած: Հարությունյանի խոսքերով՝ 3-րդ հանրապետության սկզբից ավելի քանի կես միլիոնով նվազել է ՀՀ բնակչության թիվը: Ըստ հիմնադրամի տնօրենի, Հայաստանում նվազել է ոչ միայն բնակչության թիվը, այլեւ փոխվել է կազմը:

«Մենք փորձել ենք գիտական մոտեցում ցուցաբերել: Տեսեք՝ 2-րդ հանրապետությունում մոտ 1 միլիոն մարդ բարդ աշխատանքով է զբաղված եղել, սկսած խառատից՝ վերջացրած ակադեմիկոսով: Այսօր այս թիվը, փորձագիտական գնահատականներով, մոտ 10 անգամ նվազել է, մոտ 6 անգամ նվազել է գիտնականների, գիտաշխատողների թիվը՝ 30 հազարից 5-6 հազար է դարձել: Այն մոտեցումները, որ տուրիզմի, սպասարկումների երկիր պետք է լինի, իրենց չեն արդարացրել»,-ասաց պարոն Հարությունյանը: Նրա ներկայացմամբ՝ համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ ժողովրդագրական խնդիրները լուծվում են, երբ շեշտը դրվում է մտավոր ռեսուրսի վրա:

«Նորավանք» հիմնադրամը գիտական հետազոտությունից հետո, պատվիրատուին առաջարկել է խնդրի դեմ պայքարի մեթոդներ՝ բարձր տեխնոլոգիայի զարգացում, ինչպես պարոն Հարությունյանն ասաց, տեխնոլոգիական եռամիասնություն. «Մենք ունենք նյութականացված տեխնոլոգիա, էլկտրոնիկա, մեքենաշինություն, ՏՏ՝ ինֆորմացիոն ոլորտ, եւ հումանիտար տեխնոլոգիաներ»: Հարությունյանի ներկայացմամբ՝ ուսումնասիրության ընթացքում 18-19 բիզնես պրոյեկտներ են առաջ քաշել այն փոքր ձեռնարկությունների վերաբերյալ, որոնք բարձր տեխնոլոգիաներով են զբաղվում. «Դրանք կարող են մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալ, որն էլ իր հետեւից կբերի մարդկանց ամրագրմանն իրենց երկրում, իրենց աշխատատեղերում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ հիմնադրամի խորհրդական Սամվել Մանուկյանն էլ նկատեց, որ Հայաստանը ներգրավվելով համաշխարհային տնտեսությունում, զարգացած երկրներն ու միջազգային կառույցները Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերն ընտրել են մեզ համար. «Իրենք մեզ համար սահմանել են՝ հանքարդյունաբերություն, ինչն արդեն ունենք, գյուղատնտեսություն, ինչը նույնպես, կարելի է ասել, ունենք, գյուղմթերքի վերամշակում: Սրանք ցածր արտադրողական ոլորտներն են»:

Պարոն Մանուկյանն էլ նշեց, որ մտավոր ռեսուրսի վրա է պետք դնել շեշտը, այս իմաստով Հայաստանը զիջում է Ադրբեջանին. «Ադրբեջանում համախառն ներքին արդյունքը մի քանի անգամ Հայաստանից գերազանցում է, այնտեղ նավթագազային ռեսուրսներ կան: Մտավոր ռեսուրսների օգտագործման տեսանկյունից մենք Ադրբեջանին զիջում ենք ոչ միայն քանակապես, այլեւ՝ հարաբերական թվերով: Օրինակ 1000 բնակչի հաշվով գիտության եւ տեխնոլոգիաներով զբաղվող մարդկանց քանակը Ադրբեջանում 2,5% է, մեզ մոտ՝ 1.6%»:

Անդրադառնալով ժողովրդագրական խնդրին, պարոն Մանուկյանը արդեն հրապարակված պաշտոնական թվերը հիշեցրեց, ըստ որի, վերջին 5-6 տարիներին Հայաստանից մեկնում է տարեկան 40-46 հազար մարդ, իսկ պարզ բնական վերարտադրության ցուցանիշը նորմայից ցածր է. Սահմանված 2,15-ից 1,6 է՝ 1992 թվականից սկսած. «Լուրջ միջոցառումներ են պետք ներգաղթ ապահովելու համար»:

Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք ուսումնասիրության ընթացքում հաշվի առե՞լ են արտագաղթ ծնող սոցիալական անարդարության, տնտեսությունում անհավասար պայմանները, մենաշնորհները, կոռուպցիան թե իրավապահ համակարգում եւ մեր կյանքի այլ որորտներում: Արդյոք նախարար Արտեմ Ասատրյանը ժողովրդագրական խնդիրներից ու դրանց լուծման մեխանիզմներից տեղյակ չէ՞ր. Այս մասին տարիներ շարունակ բարձրաձայնվում է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031