ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Եկամտահարկի» եւ «Շահութահարկի» մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծերը, ինչը բարձրացրեց հասարակական լայն զանգվածների դժգոհությունը: Մարդկանց շրջանում մտահոգություն էր տարածվել, թե արտագնա աշխատանքի մեկնողները պետք է հարկ վճարեն:
«Մեդիա կենտրոնում» «Հարկային օրենսդրության փոփոխությունները և աշխատանքային միգրանտներին հարկելու խնդիրը» թեմայով քննարկմանը ՀՀ ԱԺ պատգամավորներից շատերը վստահեցրին, թե այդ օրենքը չի վերաբերվում անհատներին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պարզաբանեց. «Խոսքը չի վերաբերում մեկնող միգրանտների` հարկ վճարելուն: Խոսքը ՀՀ ռեզիդենտ, ՀՀ-ում գրանցված, ՀՀ-ում ձևավորված կազմակերպություններին է վերաբերում: Այստեղ պարտադրանք չկա: Կարող են և՛ ՌԴ-ում, և՛ ՀՀ-ում վճարել: Մեր եկամտահարկը հավասարեցնում ենք նրանց հետ, շահութահարկը իջեցնում ենք հինգ տոկոս շինարարական աշխատանքների հետ կապված»: Վարդան Այվազյանը շեշտեց, որ օրենքը չի վերաբերում անհատներին, այլ միայն կազմակերպություններին:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մտահոգություն հայտնեց, որ օրենքը համապարփակ ու բազմակողմանի չներկայացվեց . «Սա անհատ մարդկանց, մեր արտագնա քաղաքացիներին միանշանակ չի վերաբերվում: Ստացվում է, որ ՀՀ-ն փորձում է իր համախառն ներքին արդյունքի մի մասը ստեղծել դրսում:
Կարդացեք նաև
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հասարակական լայն զանգվածների անհանգստությունն այսպես պատճառաբանեց. «Օրենքի նախագիծը կառավարության, հատկապես, աշխատակազմի անպատասխանատու վերաբերմունքի պատճառով հասարակական լայն ու հաճախ ոչ տեղին ու սխալ ուղղությամբ քննարկումների դաշտ ապահովեց: Մինչ օրենքի նախագիծը ԱԺ բերելն անհրաժեշտ ընթացակարգերը պետք է ապահովվեին: Դրա բացակայության արդյունքում ստացվեց այն, որ հապճեպ ներկայացվեց այն և հաճախ առանձին լարվածությունների պատճառ դարձավ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը քննադատեց օրենքը ու նշեց. «Եթե լավ օրենք է` ինչո՞ւ է մամուլն ու հասարակությունը այսպես եռում: Օրենքը շատ լուրջ վտանգներ ունի: Այն, որ ԱԺ-ն օրենքի խախտումով ընդունեց այս օրենքը, դրա ապացույցն էր»: Արամ Մանուկյանի կարծիքով` լավ կլինի, որ Սերժ Սարգսյանը չստորագրի, այս օրենքը, քանի որ այն չի աշխատելու, այն ուրիշ երկրի շահերի է կպնում:
Արամ Մանուկյանը մեջբերեց ռուսական կողմի մի շարք արձագանքներ, օրինակ` այն, որ այս օրենքի ընդունումը ՌԴ օրենսդրության կոպիտ խախտում է, որ այն վատ կանդրադառնա ՀՀ վարկանիշի վրա, որ ՀՀ-ն սկսել է իր գործունեությամբ խարխլել այս միության հիմքերը, օրենքի ընդունումը կապված է ՀՀ բյուջեի սղությամբ:
Արամ Մանուկյանի կարծիքով` այս օրենքով ՀՀ իշխանություններն իրենք են կազմակերպում ՀՀ բնակչության կազմակերպված արտահանումը, ինչպես անում են ասենք տուրիստական կազմակերպությունները, որպեսզի խթանեն տարբեր երկրներ մեկնումը: Արամ Մանուկյանի կարծիքով`«այդ օրենքը գրվել է Ռուսաստանում հայ գործարարների համար և նրանք են կազմակերպելու ՀՀ շինարարական աշխատուժի արտագաղթը Ռուսաստան: Այստեղ ՀՀ ռեզիդենտ կազմակերպության մասին խոսք չկա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»