Այսօր «Հայաստանն արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով կլոր սեղան էր կազմակերպել՝ քննարկելու, թե ինչ կարող է ստանալ Հայաստանը եւ ինչ շեշտադրումներ են արվելու այդ գագաթաժողովում: Նշենք, որ այն մեկնարկելու է մայիսի 20-ին:
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար մարմնի անդամ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ՀՀ-ի հետ, անկախ նրանից, որ չի ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, բավականին առաջընթաց կա բանակցությունների:
Իհարկե, ըստ նրա, ՀՀ-ն շատ երկար ճանապարհ պետք է անցներ ԵՄ-ի հետ համագործակցությունից շահելու համար: Եվրոպան մեծ տեղ է հատկացնում մարդուն, մարդու առողջությանը, ուստի մեր պոչամբարների կողքին աճեցված մթերքները չեն կարող հայտնվել եվրոպական շուկաներում: Կամ կոռուպցիայի հետ կապված միայն օրենսդրական կարգավորումները բավարար չեն: Եվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Եվրոպան շարունակում Հայաստանի թելը բաց չթողնել: Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Անկախ նրանից, որ մենք լավ ենք ճանաչում ՀՀ իշխանություններին, եւ գիտենք, որ իրական բարեփոխումներ չեն անում, միայն իմիտացիա են անում, բայց քանի որ չունեն այլ ֆինանսավորման աղբյուր, այդ գումարները ուզում են ստանալ, թոշակի խնդիր ունեն լուծելու, ուզեն, թե չուզեն՝ իշխանությունները գնում են բարեփոխումների՝ գումարների համար»:
Հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ 3-4 տարի նոր ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո նորից նույն պատմությունը չի կրկնվի, փափուկ բարձ չեն դնի գլխների տակ եւ էլի չեն ստորագրի՝ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Այստեղ ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության դերը շատ մեծ է: Ինչպիսի հարաբերություններ էր լինեն ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ, պահանջում ենք, որ քաղհասարակությունը սկզբից տեղեկացվի, իրազեկվի, թե կոնկրետ ինչի շուրջ է բանակցվում, որ կարողանա իր մեկնաբանությունները ներկայացնի: Եթե արդեն ստորագրվեց եւ ծրագրեր սկսեցին իրականացվել, համագործակցել, քաղհասարակությունը դրանց գնահատման եւ մոնիտորինգի հնարավորություն պետք է ստանա: Այն, ինչ տեղի ունեցավ 2013-ին , արդեն լուրջ փաստարկ է, որ դա լինի: Իսկ թե արդյոք վերջին պահին գնացքից չե՞նք թռչի, շատ կարեւոր է, որ այն հարաբերությունները, որ պետք է ունենանք ԵՄ-ի հետ, հասկացվեն եւ գնահատվեն հասարակության կողմից: Շատ հեշտ եղավ մի քանի ամիսների ընթացքում խեղաթյուրել ԵՄ Ասոցացման փաստաթղթի ամբողջ իմաստը եւ մարդկանց համոզել, որ մեզ պետք չէր այդ փաստաթուղթը, որ շատ ճիշտ ենք արել, որ սեպտեմբերի 3-ին այդ որոշումն ենք կայացել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ