Արեւելյան գործընկերության շրջանակներում Քաղհասարակության ղեկավար մարմինը ընդունել է հայտարարություն՝ ԼՂՀ անվտանգության հետ կապված՝ կոչ անելով պատժել հրադադարի ռեժիմը խախտողներին:
Այսօր Հայաստանն արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ կլոր սեղան էր կազմակերպել՝ քննարկելու, թե ինչ կարող է ստանալ Հայաստանը եւ ինչ շեշտադրումներ են արվելու այդ գագաթաժողովում: Նշենք, որ այն մեկնարկելու է մայիսի 20-ին:
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար մարմնի անդամ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ տպավորություն կա, որ կազմակերպիչները չեն ուզում, որ Ռիգայի գագաթաժողովը ՌԴ-ի հետ հարաբերությունների լարման հիմք չհանդիսանա. «Կարող է թվալ, թե սեպտեմբերի 3-ից հետո ինչու է ԵՄ-ն շարունակում հնարավորություններ փնտրել՝ ՀՀ-ին առավելագույնս ներգրավելու ծրագրերում: Կա խոսակցություն, որ ԵՄ Ասոցացման պայմանագիրը կարող է նոր ձեւափոխված տարբերակով սկսվել քննարկվել: Նախ պետք է ունենալ բանակցությունների վերսկսման համար համապատասխան մանդատը: Քննարկվելիք հարցերի շրջանակը բավականին լայն է: Օրինակ, անվտանգության հարցերը կարեւորագույն հարցերն են արեւելյան գործընկերության, որին հիմա ավելի մեծ ուշադրություն է սկսվելու դարձվել: Մենք շփվում ենք Քաղհասարակության կոնֆերանսի կազմակերպիչների հետ, իրենք աշխատում էին խուսափել անվտանգության հարցերը մտցնել օրակարգ՝ հիմնավորելով ներքին խոսակցությունների ժամանակ, որ չեն ուզում առիթ տալ նոր սրումների ՌԴ-ի հետ: Բայց ընդհանուր այդ երկրների կողմից ընկալում կա, որ անվտանգության հարցերը կարեւոր էր արեւելյան գործընկերության համար: Քաղհասարակության մասով արդեն սկսվում է ուշադրություն դարձնել դրան եւ Ղեկավար կոմիտեի առաջին հայտարարություններից մեկը վերաբերում է դրան: Այնտեղ կա մեծ հատված`Ղարաբաղին նվիրված, որտեղ Ղեկավար կոմիտեն կոչ է անում տարհանել եւ հետ քաշել դիպուկահարներին, հստակ գործողություններ իրականացնել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ եւ որ ամենակարեւորն է՝ հրադադարի ռեժիմը խախտողների հանդեպ պատժամիջոցների կիրառման կոչ էր անում: Ղեկավար մարմնի բոլոր անդամները ստորագրեցին այդ հայտարարության տակ»:
Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ անվտանգությունն այսօր հուզում է Ուկրաինային: Բայց նաեւ պակաս հետաքրքրված չեն Մոլդովան եւ մանավանդ Բելառուսը, որը չի բացառում, որ Ուկրաինայի հանդեպ ՌԴ-ի հավակնությունները կարող են տարածվել նաեւ իր վրա. «Լուկաշենկոյի բացահայտ հայտարարությունները դրա վերաբերյալ ցույց են տալիս, որ անվտանգությունը արեւելյան գործընկերության բոլոր երկրների համար առավել մեծ նշանակություն ունի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ