Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեւորգյան հոգեւոր ճեմարանում «վերագործարկվել» է քահանայից պատրաստման լսարանը

Մայիս 11,2015 15:01

Հարցազրույց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ եւ Մայր աթոռի հոգեւոր բարձրագույն հաստատությունների վերատեսուչ տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի հետ:

– Սրբազան, եկեղեցական եզրաբանությունները, անկեղծ ասած, վերջերս ենք միայն կարողանում փոքրիշատե տարբերակել: Ի՞նչ ասել է՝ «քահանայից պատրաստման լսարան»:

– Դա նորություն չէ հայ եկեղեցու կյանքում: Դեռեւս խորհրդային շրջանում Վազգեն վեհափառի հովանավորությամբ Մայր աթոռի հոգեւոր ճեմարանում բացվեց քահանայից պատրաստման դասընթացները: Դա պայմանավորված էր մեր եկեղեցու հոգեւորականների պակասը լրացնելու նպատակով: Նախապայման էր, որ այդ լսարանում կարող են սովորել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Հիշեցնեմ, որ դա խորհրդային շրջանում էր:

Gevorg episkopos Saroyan

Գեւորգ եպիսկոպոս Սարոյան

– Իսկ ինչո՞ւ լսարանը դադարեց գործել:

– Դա էլ պայմանավորված էր, անշուշտ, խորհրդային շրջանում եկեղեցու եւ կրոնի հանդեպ մերժողական վերաբերմունքով: Իհարկե, նախ հասարակարգը չէր նպաստում, հետեւաբար՝ դիմորդների թիվն էլ քիչ էր, որ մարդիկ գնային այդ ճանապարհով: Եվ մեր երկրի անկախացումից հետո դիմորդների թիվը աճեց: Անկասկած, մոռացության էր մատնվել այդ ինստիտուտն այն տպավորության հիման վրա, որ ճեմարանը ի զորու չէր այդ բացը լրացնելու: Ընդ որում, Գեւորգյան ճեմարանի կողքին 1990-ականներից սկսեց գործել Վազգենյան դպրոցը, որի հիմնադիրը ներկայիս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն է:

– Ստացվում է, որ այդ բացը չեն լրացրել ո՛չ Գեւորգյան ճեմարանը, ո՛չ էլ Մայր աթոռի կրթական հաստատություննե՞րը:

– Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեւերն ու կառույցները հոգեւորականներով լրացնելու առաջարկը մինչ օրս էլ լուծված չէ, հակառակ այն բանի, որ Վեհափառ հայրապետի գահակալության 15 տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ: Արդյունքում՝ մի քանի հարյուրով ավելացել է հոգեւորականների թիվը, սակայն դեռ չենք հասել այն բաղձալի արդյունքին, որ, օրինակ՝ յուրաքանչյուր գյուղ ունենա իր հովիվը: Ընդ որում, մեր օրերում հոգեւոր կրթությունն առաջնային հարց է, որի իրականացմանը Վեհափառ հայրապետը հատուկ ուշադրություն է դարձնում: Փաստեմ, որ 2012թ. բացվեց Հառիճի Թրբանճեան ընծայարանը, որն իրականացնում է ավագ դպրոցի ծրագիր՝ հոգեւոր թեքումով, այն անձանց համար, ովքեր նպատակ ունեն ճեմարանում ուսանելու:

Վերադառնալով քահանայից պատրաստման լսարանի վերագործարկմանը, նշեմ, որ այն նույնպես պետք է դիտել հոգեւոր կրթության զարգացման լույսի ներքո: Այստեղ կարեւոր է առանձնացնել երկու հիմնական պատճառ՝ այդ լսարանը նույնպես միտված է հայ եկեղեցին հովիվներով ապահովելու առաջադրանքին եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճեմարանի դիմորդների տարիքը սահմանափակ է (մինչեւ 21 տարեկան), ըստ այդմ որոշվել է հնարավորություն տալ այն հայորդիներին, ովքեր կյանքի փորձառության որոշակի փուլում՝ անկախ տարիքից, ցանկանում են նվիրվել եկեղեցու առաքելությանը: Այդպիսով հնարավորություն է տրվում մարդկանց՝ իրենց հոգեւոր ներուժն իրացնելու:

– Ներկայումս քանի՞ ուսանող ունեք այդ լսարանում…

– Կրկնեմ, որ ինչպես նախկինում, այսօր նույնպես քահանայից պատրաստման լսարանում կարող են ուսանել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձինք, ուսման տեւողությունը 3 տարի է: Այդ ընթացքում նրանք պետք է լրացնեն այն հիմնական առարկաները, որոնք ընդգրկված են ճեմարանական կրթության 6-ամյա ծրագրում: Շեշտը դրված է հայագիտական, հովվագիտական եւ աստվածաբանական հիմնական առարկաների վրա: Այսօր ունենք 30 ուսանող Հայաստանից եւ Սփյուռքի տարբեր համայնքներից: Ի դեպ, սովորողները Վեհափառ հայրապետի օրհնությամբ դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո կարող են դիմում ներկայացնել ամուսնացյալ կամ կուսակրոն քահանա ձեռնադրվելու համար: Ուսումն էլ կազմակերպվում է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի պատմական շենքում: Նշեմ, որ ուսանողներն ունեն իրենց կացարանը, մասնակցում են ժամերգություններին, ստանում կրթաթոշակ: Նրանք լիարժեք ընդգրկված են ճեմարանի կյանքում՝ համարվելով լիարժեք ճեմարանցի:

6-1-3

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

09.05.2015 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031