Լրահոս
Օրվա լրահոսը

Կիեւ. Մայդան. Պատերազմի հետքը (ֆոտոշարք)

Մայիս 11,2015 14:45

Նադեժդան Չեռնիգորսկայայից է եկել Կիեւ, իր գործերով, բայց չէր կարող չգալ Մայդան ու համագյուղացի Վանյայի նկարին ծաղիկ չդնել: Վանյան զինվոր էր, կառավարական զորքի շարքերում Յանուկովիչին էր պաշտպանում, զոհվել է ռուս դիպուկահարի գնդակից: Նադեժդան արցունքները չի կարողանում զսպել համագյուղացի երիտասարդի մասին պատմելիս ու զգացմունքներին ազատություն է տալիս հատկապես այն ժամանակ, երբ նկարագրում է, թե ինչպես դիմացի հյուրանոցի տանիքին դարանակալած ռուս դիպուկահարը սառնասրտորեն կտրեց կենսուրախ, երիտասարդ, բարի Վանյայի կյանքի թելը…

«Երկնային հարյուր հերոսների»՝ այսպես է կոչվում Մայդանից «Կրեշչատիկ» մետրոյի կայարան ձգվող փողոցը, որտեղ հայտնի իրադարձությունների ու մարտերի արդյունքում 105-106 մարդ զոհվեց: Մարդիկ պայմանական ընտրեցին այդ անվանումը, ինքնաշեն ցուցանակ փակցրեցին, հետո այդ ամենն արդեն պաշտոնական տեսք ստացավ: Փողոցի աջ ու ձախ կողմերում զոհվածների նկարներն են, ծաղիկներ, մոմեր… Մարդիկ անցնում են, խոնարհվում, հարգանքի տուրք մատուցում Ուկրաինայի ազատության մարտիկներին, որոնց շարքում է նաեւ հայազգի Սերգեյ Նիգոյանը`Մայդանի առաջին զոհը: Մայդանում էլ մինչ օրս ծաղիկներ ու մոմեր են դրված, նաեւ լուսանկարներ, որոնք պատմում են ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին:

Վյաչեսլավն էլ կամավոր է: Գումարը, որը նա անցորդներին խնդրում է նվիրաբերել,  հավաքում է բանակի համար, որը իր ներկայացմամբ Դոնեցկի եւ Լուգանսկի սեպարատիստների դեմ է կռվում. «Կոնկրետ հիմա 17-րդ տանկային դիվիզիայի համար ենք հավաքում»:

Իսկ կառավարությունը գումարներ չի՞ տալիս բանակին, ԵՄ-ն մեծ գումարներ է հատկացնում`մեր հարցին Վյաչեսլավը գլուխը թերահավատորեն տարուբերելով պատասխանում է. «Մեզ ինչ հեքիաթ ասես, որ չեն պատմում, ամեն ինչ չէ, որ պարզ է: Մեզ հաշվետվություն չեն ներկայացնում: Մենք, օրինակ, հավաքում ենք, ուղարկում ենք եւ հստակ հաշվետվություն ենք ներկայացնում մարդկանց, որ հավատացած լինեն` իրենց չենք խաբում»:

Ասում է`մարդիկ հաճույքով են գումար տալիս: Թե մեկ օրում, մոտավոր որքա՞ն գումար է հավաքվում`պատասխանում է. «Չգիտեմ, ես կամավոր եմ, այդ տեղեկությունն ինձ համար չէ: Տնօրենը հաշվում է մարդկանց ներկայությամբ, հաշվետվություն է կազմում, հետո հրապարակում է այդ հաշվետվությունը մեր կազմակերպության կայքում եւ սոցիալական ցանցերում»:

PrevPhoto
NextPhoto

Ուշագրավ է, որ հանուն Ուկրաինայի անկախության զոհերի շարքում նաեւ Բորիս Նեմցովի նկարն է փակցված:

Ի դեպ, ամեն քայլափոխի, հուշանվերների շարքում, վաճառվում են Վլադիմիր Պուտինի եւ Յանուկովիչի նկարներով զուգարանի թղթեր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031