Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդը անհատականություն է, որեւէ մեկին չի նախանձում»

Մայիս 11,2015 14:31

Երգչուհի Եվա Եգանյանը ստեղծագործական բուռն կյանքով է ապրում

Եվա Եգանյանին հանրությունն ընկալում է որպես ժողովրդական երգչուհի, քանի որ նրա անունը հայտնի է դարձել «Ժողովրդական երգիչ» նախագծից հետո:  Նա  ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական կոմպոզիցիայի բաժինը: Չնայած մասնագիտությամբ կոմպոզիտոր է, բայց միշտ էլ երգել է տարբեր ժանրերում. սկզբում՝ դասական, հետո՝ էստրադային, հեռուստանախագծի շրջանակներում՝ ժողովրդական: Նախագծից հետո ավարտել է կոնսերվատորիան եւ սկսել աշխատել Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական համույթում, Աննա Մայիլյանի վոկալ եռյակում:

Եվա Եգանյանը պարապ չի նստել, նա անընդհատ տարբեր համերգներ է ունեցել Հայաստանում եւ արտերկրում, այս պահին էլ աշխատում է մի քանի նախագծի վրա: «Առավոտի» հետ զրույցում Եվան պատմեց, որ նոր տեսահոլովակ է նկարահանվել  «Երկիր իմ սուրբ» երգի հիման վրա, որի բառերի հեղինակը ամերիկահայ բանաստեղծ Կայլակն է, երաժշտությունն ինքն է գրել, ռեժիսորը Մարթին Քալուսն է, գործիքավորողը՝  Խաչիկ Սահակյանը:

«Երգը էստրադային ժանրում է արված, կան ազգային գործիքներ, նաեւ տարազով հագուստ եմ կրում, փորձել ենք հայի կերպարը եւ շունչը պահել»,-ասում է նա: Ապա պատմեց, թե ինչպես է ծնվել երգը. «Երբ Կայլակն առաջարկեց բանաստեղծություն, որը երգի պետք է վերածեի, ինձ հարցրեց, թե  ինչ թեմայով  եմ ցանկանում, ես ուզեցի, որ ինքը գրի այն, ինչ հարազատ է իր հոգուն ու անկեղծ չէի մտածում, որ հայրենիքի մասին պետք է լինի, չնայած գիտեի, որ շատ հայրենասեր է: Ես փորձ չունեի հայրենասիրական թեմայով երգ գրելու: Երբ առաջին անգամ կարդացի բանաստեղծությունը ու զգացի, թե ինչ մեծ կարոտ կա, ուղղակի էդ պահին ոչ մի միտք չեկավ, անցավ մի քանի օր, նոր ծնվեց երգը: Հետո իրեն ասացի, որ անպայման տեսահոլովակ պետք է նկարվի: Շատ էի ցանկանում, որ բանաստեղծն էլ երեւար, դրա համար մեկնեցի ԱՄՆ եւ նկարեցինք մի փոքրիկ հատված իր հետ:  Որոշվեց, որ տեսահոլովակում պետք է լինի տարվա չորս եղանակ, չորս սերունդ՝  որպես հավերժության խորհուրդ: Այսինքն՝ կյանքը շարունակվում է, ու ինչ էլ լինի՝ հայ ազգը հարատեւելու է: Տեսահոլովակում մեր  դրոշն է ծածանվում հայկական, դրանով ցանկացել ենք ներկայացնել սփյուռքի կարոտը՝ հայրենիքի հանդեպ: Տեսահոլովակը ցուցադրվելու է թե ԱՄՆ-ում, թե Հայաստանում»:

Պարզեցինք, որ Եվա Եգանյանը, ի տարբերություն իր շատ գործընկերների, իր  ճակատագիրը չի տեսնում դրսում, ասում է. «Երգից ու տեսահոլովակից արդեն երեւում է, թե ինչքան եմ սիրում Հայաստանը, ուզում եմ հայրենիքում ծավալեմ իմ երաժշտական գործունեությունը, թեեւ ունեցել եմ մի շարք առաջարկներ՝ դրսում աշխատելու եւ ապրելու: Կգնամ միայն հայ երգը «դրսում» ներկայացնելու համար ու հետ կգամ»:

Եվա Եգանյանն այս պահին աշխատում է առաջին CD-ի վրա, որտեղ զետեղված կլինեն ժողովրդական երգեր, զուգերգեր, այնտեղ տեղ կգտնի նրա մի երգը՝ ժողովրդական ժանրում: Երգչուհին դեռ չի վերնագրել CD-ն, ասում է, որ  դարձյալ աշխատել է պրոֆեսիոնալ գործիքավորողների հեը: Զուգերգերի մասին փակագծեր չբացեց: Էստրադային ժանրում նոր  ձայնասկավառակի լույս տեսնելն էլ «յոթ սարերի հետեւում» չէ: Այստեղ էլ զետեղված կլինեն կոմպոզիտոր երգչուհու հեղինակային երգերը, նաեւ «Երկիր իմ սուրբ» երգը: Մի  տեսահոլովակ էլ հունիսին պատրաստ կլինի, երգչուհին հավաստիացնում է, որ այն ինքնատիպ է լինելու, գեղեցիկ ու նաեւ սիրո մասին է երգը:

Եվա Եգանյանն ասում է, որ իրեն չի հետաքրքրում՝ իրեն նախանձում են, թե ոչ. «Ես անձամբ բացարձակ նախանձ եւ մասնագիտական խանդ չունեմ որեւէ մեկի հանդեպ, որովհետեւ կարծում եմ, որ եթե մարդը անհատականություն է, նա որեւէ մեկին չի խանդում ու նախանձում, այլ անում է իր աշխատանքը, իսկ եթե իմ հանդեպ կա նախանձ կամ մասնագիտական խանդ, դա իրենց խնդիրն է»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

09.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031