Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ, Վրաստանի նոր կառավարությունում հանրապետական կուսակցությունը ամրապնդեց իր դիրքերը:
«Կառավարության մեջ կոալիցիայի անդամ կուսակցություններից մեկը՝ հանրապետական կուսակցությունը, ստացավ նախարարի երկու նոր պորտֆել: Սրանով այդ ուժն ավելի ամրապնդեց իր դիրքերը կոալիցիայում… հետաքրքիրն այն էր, որ Վրաստանի ՊՆ նախարար է նշանակվել, խորհրդարանի նախագահի կինը, որը մինչ այդ պատգամավոր էր, իսկ վերջին քսան տարում նա շատ ակտիվ է Վրաստանի ներքաղաքական կյանքում»:
Այսօր «Նոյան տապան» ակումբում նա անդրադարձավ նաեւ Վրաստանի տնտեսական վիճակին ու հիշեցրեց, որ անցած տարեվերջից Վրաստանի ազգային արժույթը արժեզրկվեց, սկզբնական շրջանում 29 տոկոս էր, իսկ այսօրվա դրությամբ արդեն 32,5-ին է հասնում. «Այն բավականին լուրջ ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, կան վիճակագրական տվյալներ, որ այսօրվա դրությամբ ավելի քան ութ միլիոն դոլար վարկեր են Վրաստանին տրված, իսկ բնակչության թիվը հասնում է 4 միլիոն 300.000 է, այսինքն, ամեն մի անձին գալիս է մեկ ու կես կամ երկուսին հասնող վարկ, բավականին լուրջ հարված է ամբողջ բնակչությանը»:
Նա ընդգծեց, որ կառավարության փոփոխությունը չի փոխի արտաքին քաղաքական կուրսը. «Սահակաշվիլու գալուց հետո արտաքին հարաբերության գերակա ուղղությունը ԵՄ-ն էր, դժվար է պատկերացնել, որ կգա մի ուժ ու կթեքի ինտեգրման սլաքը դեպի ԵՏՄ»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպմանը Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ ու նրանց համատեղ լուսանկարին՝ ասաց, որ բոլոր կողմերն էլ որոշակի սխալներ ունեն. «Նախքան Վրաստանի նման ագրեսիվ հիստերիա բարձրացնելը, մեր կողմից կարելի էր նախապատրաստական քայլեր ձեռնարկել, կարելի էր շատ արագ արձագանքել, որ այդ մարդը օդանավակայան գնալուց առաջ ցանկացել էր ցավակցել»:
Հիշեցնենք, որ Հայկական կողմը հանդիպումը ներկայացրեց իբրեւ մասնավոր, մինչդեռ հակառակ կողմը այն ներկայացրել էր աշխատանքային քննարկում եւ լուսանկարներ էր հրապարակել: Դա, բնականաբար, հարուցել էր պաշտոնական Թբիլիսիի դժգոհությունը, որը բացատրություններ էր սպասում Երեւանից:
Նա նաեւ նկատեց, որ սպասելի էր, որ Վրաստանը չի ճանաչի ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները՝ վրաց-ադրբեջանական հարաբերություններից ելնելով:
Ինչ վերաբերում է առաջիկայում Ռիգայի գագաթնաժողովում Վրաստանի ակնկալիքներին, փորձագետը վստահեցրեց, որ ոչ Վրաստանը, ոչ էլ Ուկրաինան չեն ստանա վիզային ազատականության ռեժիմը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ