Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք մեր երեխաներին ռազմիկ ենք մեծացնում

Մայիս 11,2015 13:55

Հայ տղամարդը ունի պահել-պահպանելու բնավորության գիծ

Մայիսյան եռատոնը հայի ոգուն, բնավորությանը հատուկ տոն է, քիչ ազգեր ունեն մեկ ամսում այդքան հաղթանակներ: Նոր սերունդը Հայրենական պատերազմի հաղթանակը իր հաղթանակը չի համարում, բայց հոգեբան Աննա Բադալյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այդ հաղթանակը եւս հայ ժողովրդի համար համարվում է ամենալավագույն հաղթանակներից մեկը, քանի որ Սովետական Միության ամբողջ տարածքով եւ բնակչության թվով ամենափոքր պետությունը լինելով եւ նաեւ չունենալով առանձին բանակ՝ կարողացանք մարշալներ եւ Սովետական Միության հերոսներ տալ: «Այդ սերունդը վստահ կռվում էր, քանի որ գիտեր՝ ոչ միայն այդ ժամանակի համար է, այլ կռվում էր իր ապագայի, տան, զավակի համար, որը ազգային, մեր տղամարդկանց հատուկ բնավորության գիծ է»,-նշեց տիկին Բադալյանը: Նա բնութագրելով տարբեր սերունդների տղամարդկանց՝ միեւնույն հատկանիշ է համարում այն, որ լինի քարանձավային, թե ժամանակակից սերնդի ներկայացուցիչ, իր մեջ կա պահել-պահպանելու բնավորությունը, պարզապես քարանձավային մարդը արել է՝ հետեւելով իր բնազդներին, իսկ հիմա դարձել է ազգային բնավորության գիծ, որ պետք է պահել իր ընտանիքը, հայրենիքը:

«Առավոտի» այն հարցին, թե ինչպիսի՞ հոգեբանություն են ունենում պատերազմող ժողովուրդները, տիկին Բադալյանը օրինակ բերեց Գերմանիային, որ սկսելով երկու համաշխարհային պատերազմները եւ երկուսն էլ պարտվելով, այսօր համարվում է ամենազարգացած երկրներից մեկը, որին նա հասնում է ազգային հատկանիշների շնորհիվ:

Հոգեբանը նշեց, որ երբեմն լինում է, երբ այժմյան երիտասարդներին քննադատում են եւ ասում, որ հայրենասեր չեն, որ պատրաստ չեն կռվելու. «Բայց, Աստված ոչ արասցե, թող պատերազմներ չլինեն, որովհետեւ ավելի լավ կլինի, որ ծաղկենք եւ մեր ազգը ավելի առաջ գնա, մեր յուրահատուկ ազգային առանձնահատկությունները դրսեւորենք եւ մեզ ներկայացնենք, քան թե պատերազմում հաղթանակենք երիտասարդների արյան հաշվով»: Տիկին Բադալյանն ասաց, որ Արցախյան հերոսամարտի ժամանակ պետականությունը կորցրած ու նորից վերականգնած եւ ընդամենը ինքնաշեն ատրճանակներով կռված հայ զինվորը իր ամուր ոգու շնորհիվ հաղթանակ տարավ, քանի որ մարտիկի ոգին, տրամադրվածությունն ավելին է, քան տեխնիկան:

«Եթե Սովետական Միության տարիներին հայրենասիրությունը ձեւավորվում էր «հոկտեմբերիկ», «պիոներ» կամ «կոմերիտական» կոչումներով, ապա հիմա էլ բանակին եւ հաղթանակներին նվիրված օրերին ծնողները տղա երեխաներին զինվորի շորեր են հագցնում եւ հպարտանում, նկարում: Սրանք որքան էլ ձեւական լինեն, եթե մի փոքր մասն էլ երեխայի մոտ պատկերավոր եւ ընդունելի լինի՝ արմատներ կտա»,- ասաց Աննա Բադալյանը: Հոգեբանն այս ամենի մեջ ինչ-որ չափով վախի միտում է նկատում, որ գուցե հասարակության մեջ վախ կա, որ իրենք ապահով չեն եւ պետք է զինվոր պատրաստենք, բայց մենք հակված ենք մեր երեխաներին մեծացնել որպես ռազմիկ:

«Այժմյան երիտասարդներն էլ պատերազմի, հատկապես՝ միանգամից ծագած պատերազմի ժամանակ կունենան լիդերներ, հերոսներ, որը մարդու մեջ ծնվում է իրավիճակային պահերի: Ուղղակի հայրենասիրությունը յուրաքանչյուրը յուրովի է ընկալում եւ դրսեւորում՝ մեկը սովորելով, մյուսը՝ աշխատելով, մեկը, որ հնարավորություն ունի երկրից գնալու, բայց մնում է: Քանի որ մենք փոքր ազգ ենք, պահպանելու, ապրելու եւ մոլորակի մեջ մեր տեղը գտնելու համար, ունենք կամային հատկանիշներ, ճիգեր, որպեսզի կարողանանք ինքնահաստատվել եւ այդ ներքին մղումը շատ ավելի կարեւոր է, որը ոչ թե բնավորության գիծ է, այլ կարծրացած տեսակ»,-նշեց հոգեբանը՝ առանձնացնելով այն հատկանիշը, որ, ըստ նրա, ամենակարեւորն է՝ երբեք միջակության հետ չհարմարվելու հայի տեսակը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

09.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031