Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրթություն բոլորի՞ համար, թե՞ քաղաքաբնակների ու ընտրյալների

Մայիս 11,2015 12:55

Թեև կրթության ոլորտը Հայաստանի կառավարությունը հռչակել է գերակա ուղղություն, սակայն, մասնագետների կարծիքով, տարեցտարի հետընթաց է գրանցվում՝ խորացնելով բևեռացման ու հասանելիության խնդիրները: Գերակա համարվող ոլորտը մի կողմից չնչին ֆինանսավորում է ստանում պետության կողմից, մյուս կողմից տարիներ շարունակ ներդրվող ֆինանսական միջոցները՝ պետական և վարկային, չեն ծառայում նպատակին:

Պետության կողմից կրթությանը տրվող գումարը տարածաշրջանում ամենաքիչն է՝ ՀՆԱ-ի 2.5 տոկոսը միայն, չնայած Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով նախատեսվում էր կրթությանը տրամադրվող գումարը հասցնել ՀՆԱ-ի 4 տոկոսը, սակայն անգամ 2016-ի համար արդեն նախանշվում է ընդամենը՝ 2.53 տոկոս:

Վերջերս լույս տեսած Կրթություն բոլորի համար 2010-2015 զեկույցը նշում է, որ մարզային և ֆինանսական անհավասարությունը Հայաստանի կրթական համակարգի հիմնական խնդիրներից է:

Կրթական ոլորտում սոցիալական բևեռացումը վերջին տարիներին լուրջ խնդրի է վերածվում: Որակական մեծ տարբերությունը մայրաքաղաքի և մարզերի դպրոցների միջև, մասնագետների պակասը հաճախ խոչընդոտ է դառնում մարզաբնակ երիտասարդների համար ԲՈՒՀ-երում սովորելու համար:

Կրթական բարեփոխումներն էլ որոշ դեպքերում ոչ միայն չեն նպաստում սոցիալ անհավասարությունների շտկմանը, այլ ընդհակառակը՝ ավելի են խորացնում:

Այսպես, օրինակ, Հայաստանի ավագ դպրոցների 95.5 տոկոսը գործում են քաղաքային համայնքներում (109 դպրոցից՝ 7-ը): Գյուղական վայրերում հիմնականում գործում են 12-ամյա միջնակարգ դպրոցներ, Հայաստանում գործող 770 միջնակարգ դպրոցից 703-ը գտնվում են գյուղական համայնքներում, այսինքն` գյուղաբնակ աշակերտները զրկված են հոսքային կրթություն ստանալու հնարավորությունից:

Քաղաքային ավագ դպրոցների ֆինանսավորումը կրկնակի ավել է 12 ամյա հիմնական դպրոցներից և այդ տարբերությունը պատճառաբանված է կրթության որակն ապահովելու, հոսքային կրթություն տալու հիմնավորմամբ, ինչից զրկված են գյուղաբնակները:

«Գյուղական համայնքներում լուրջ խնդիր է ավագ դպրոցների հասանելիությունը, մեր դիտարկումներով պարզել ենք, որ ավագ դպրոց գնում են միայն այն երեխաները, որոնք քիչ թե շատ ունեն կայուն սոցիալական վիճակ և մոտ են ապրում քաղաքային համայնքներին, մինչդեռ շատ-շատերը ուղղակի զրկված են այդ հնարավորությունից»,- ասում է «Գործընկերություն եւ ուսուցում» ՀԿ ղեկավար, կրթության փորձագետ Արտաշես Տոռոզյանը:

Artashes Torozyan

Արտաշես Տոռոզյան

Այս հանգամանքը շատ փորձագետներ համարում են իրավունքների խախտում, որը խոչընդոտում է համաչափ զարգացմանը, մինչդեռ 2008-2009 թվականներից ավագ դպրոցների հիմնումը նպատակ ուներ բարձրացնել միջին մասնագիտական կրթության որակը, կրճատել կրկնուսույցների դերը:

Տոռոզյանը կարծում է, որ դպրոցներում որակյալ կրթության հասանելիության խնդիրները հետագայում դրսևորվում են կրթության հաջորդ փուլում՝ ԲՈՒՀ ընդունվելիս, որոնց թիվը գյուղական համայնքներից տարեցտարի կրճատվում է:

Ավագ և հիմնական դպրոցների աշակերտների արդյունքները համեմատելիս տեսնում ենք, որ առաջինները ավելի արդյունքներ են գրանցում ավարտական քննություններում: Օրինակ, 2010թ ավագ դպրոցներից դիմողների և ընդունվածների թիվը երկու անգամ ավելի է, քան հիմնականներինը՝ համապատասխանաբար 54% և 28%:

Աղքատությունը՝ կրթության խոչընդոտ

Աղքատության ցուցանիշի ավելացումը սրում է կրթական ոլորտում սոցիալական բևեռացվածության աստիճանը: Տնային տնտեսությունների կենսամակարդակի 2010թ. հետազոտությունը փաստում է, որ ավագ դպրոցում կրթությունը չեն շարունակում հիմնականում բնակչության ամենաաղքատ խավերն ու գյուղական բնակչությունը: Այսպես` 2010թ. ավագ դպրոցում ընդգրկվածության ցուցանիշը բնակչության ամենաաղքատ հատվածում կազմել է ընդամենը 54%, իսկ գյուղական բնակչության շրջանում` 53%: Այս հանգամանքը, մասնավորապես, աղքատության վերարտադրման և աղքատության փակ շրջանից դուրս գալը դժվարացնելու ռիսկեր է առաջացնում:

2015թ Բարձրագույն կրթության սոցիալական չափայնության վերլուծության համաձայն դպրոցն ավարտելուց հետո ոչ աղքատ ընտանիքներից բուհ ընդունվողների ցուցանիշը կազմում է 44 տոկոս, այնինչ, աղքատ ընտանիքներից դպրոցն ավարտելուց հետո բուհ է ընդունվում աշակերտների 25 տոկոսը, ծայրահեղ աղքատ ընտանիքներից՝ 10 տոկոսը միայն:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, սակայն, մասնագետների ահազանգը տեղին չի համարում՝ նշելով, որ ոլորտի բևեռվածության հարցը լուծվում է: Ըստ նրա՝ նման խնդիր եղել է, որն ախտորոշվել է տարիներ առաջ և լուծումն արդյունքներ է տալիս:

Արմեն-Աշոտյան1

Արմեն Աշոտյան

«Այդ բևեռացումը, նախնական ահազանգերը վերաբերել են հատկապես բարձրագույն կրթությանը: Սակայն վերջին տարիներին ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տենդենցը դրական է: Եթե նայեք ամեն տարի բուհեր ընդունվածների ծագումնաբանական վերլուծությունն ըստ բնակավայրերի, ապա կտեսնեք, որ Երևանի բուհերում գերակշռում են մարզային ուսանողները: Մեր բուհերում 50 տոկոսից ավելին ընդունվում են մարզերից եկած ուսանողները: Այսինքն՝ կրթության մատչելիության հարցն այդ տեսակետից հարթված է»,- ասում է նախարարը:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ 2009 թվականին ամենաաղքատ ու ամենահարուստ ընտանիքներից բուհեր ընդունվողների ցուցանիշում մոտ 4 անգամ տարբերություն կար, սակայն տարբեր ծրագրերի շնորհիվ հնարավոր եղավ վիճակը մեղմել:

«Վերջին մի քանի ծրագրեր, հատկապես Փարոս համակարգում ընդգրկված ուսանողներին պետական բյուջեից 100 տոկոս զեղչի տրամադրման ծրագիրը, որն այս տարի կտարածվի արդեն 2400 ուսանողների վրա, ուսանողական զեղչերի՝ օրենքով ամրագրելու ծրագիրը և պետական բուհերի բյուջեների 7 տոկոսն ուսմանն ուղղելու մեր նախաձեռնությունն իրենց արդյունքը տալիս են: Մենք թիրախային օգնություն ենք ցուցաբերելու բոլոր սոցիալապես խոցելի խմբերից եկած ուսանողներին: Հատուկ շեշտադրում է դրված նաև բանակում ծառայող և ծառայած մեր երիտասարդների կրթության իրավունքի շարունակականության վրա»,- շեշտում է Աշոտյանը:

Նախարար Աշոտյանը «բնական է համարում, Երևանում առաջատար դպրոցների կուտակումը», սակայն շեշտում է.

«Միջինացված տվյալներով, եթե համեմատեք հանրապետական առարկայական օլիմպիադաներում մասնակցությունը և մեդալակիրների թիվը, կտեսնենք, որ Երևանն ու մարզերը հավասար են ներկայացված: Իսկ ոսկե մեդալակիրների թիվը մարզերից ընդհանուր թվի 2/3-ն կազմում: Մենք ունենք նաև մարզային աշակերտներ, ովքեր միջազգային օլիմպիադաներից մեդալներ են բերել»,- ասում է նա:

Սակայն թվերը փաստում են, որ գյուղական համայնքներից աշակերտների արձանագրած արդյունքները նվազման միտում ունեն, թերևս հենց քաղաքային և գյուղական համայնքների դպրոցների զարգացման անհամաչափությունն է պատճառը, որ հեղինակավոր, միջազգային ստուգատեսի՝ ԹԻՄՍՍ-ի արդյունքներով (սա միակ միջազգային ստուգատեսն է այս պահին, որին Հայաստանի աշակերտները մասնակցում են) արձանագրվել է գյուղական և քաղաքային համայնքների աշակերտների գիտելիքների բավական մեծ տարբերություն:

2012-ի տվյալներով գյուղական և քաղաքային համայնքների աշակերտների արձանագրած արդյունքներում մինչև 30 միավորի տարբերություն կար, այսինքն՝ փոքր համայնքների երեխաները վատ կրթություն են ստանում: Ի դեպ, 4-րդ դասարանում տարբերությունը փոքր է, 9-րդ դասարանից՝ բավական մեծ, ինչը փաստում է, որ համաչափ զարգացման առումով խնդիրներն առկա են:

Նույնն են փաստում նաև Գնահատման և Թեստավորման կենտրոնի կողմից 2013թ. անցկացված ֆիզիկա և քիմիա առարկաներից արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները. ավագ դպրոցների աշակերտների միջին միավորները նշանակալի բարձր են եղել միջնակարգ և ոչ պետական դպրոցների աշակերտների միջին միավորներից:

Կրթության վրա աղքատության ազդեցության մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները. ամեն տարի 9-րդ դասարանն ավարտած ավելի քան 4000 աշակերտ չի շարունակում կրթությունը, որոնց 12 տոկոսը պատճառաբանել է, որ «կրթական ծառայությունները շատ թանկ են» և չեն կարող շարունակել:

Արտաշես Տոռոզյանն ասում է, որ իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունները ևս բացահայտել են, որ ուսումը չշարունակելու հիմնական պատճառը «սոցիալական է, որն հանգեցնում է կրթության անհասանելիության».

«Սոցիալապես անապահով ընտանիքներից տղաները գերադասում են հիմնական դպրոցն ավարտելուց հետո դուրս գալ ուսումնական պրոցեսից և աշխատել, ընտանիքին օգնել, սակայն կա նաև մեկ այլ խնդիր՝ արհեստագործական, միջին մասնագիտական հաստատությունների անհասանելիությունն ու դրանց որակի նկատմամբ վստահության պակասը»,- ասում է Տոռոզյանը:

Խնդրի լուծման համար կառավարությունը ԱԺ հաստատմանը ներկայացրեց 12-ամյա պարտադիր կրթակարգին անցնելու մասին օրինագիծը, որը սակայն կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համարում է «հումանիստական քայլ, սակայն՝ անօգուտ»:

Սերոբ Խաչատրյան

Սերոբ Խաչատրյան

«Համակարգը դրան բոլորովին պատրաստ չէ, ուսուցիչները որևէ կերպ չեն կարողանալու այդ երեխաներին պահել դասարանում, այսինքն` ուղղակի պետք է ստիպողաբար, առանց հետաքրքրությունն ու մոտիվացիան մեծացնելու, ասեն, խելոք նստեք, մինչև «սռոկը» լրանա»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ իր այս հարցին ԿԳ նախարարության Հանրակրթության բաժնի ղեկավար Նարինե Հովհաննիսյանը պատասխանել է, որ գյուղական համայնքների հիմնական դպրոցներում բացվելու են արհեստագործական դասարաններ.

«Սա իհարկե լավ կլիներ, բայց նման ծավալի ծախսեր անգամ խորհրդային տարիներին չեն արել, պատկերացնում ե՞ք ծավալը, հաստոցներ, մասնագետների ներգրավում և այլն»,- թերահավատ է Սերոբ Խաչատրյանը:

Առավել մտահոգիչ է, որ խնդիրները լուծելուն ուղղված Կրթության նախարարի ներկայացրած քայլերին զուգահեռ, իրականացվում են նոր բարեփոխումներ, որոնք, ըստ փորձագետների կարող են խորացնել բևեռացվածությունը:

Համաշխարհային բանկի Կրթության բարելավման ծրագիրը 2015-2019թթ համար նախատեսում է 27 մլն դոլար վարկ տրամադրել հանրակրթության ոլորտի զարգացման համար, որից 22 մլն դոլարն ուղղվելու է հիմնականում 17 ավագ դպրոցների վերանորոգման և տեխնիկական վերազինմանը, մինչդեռ կրթության բովանդակությանը հատկացվող գումարներն ավելի քիչ են:

Այս դպրոցներից 11-ը հետագայում պետք է դառնան Կրթության գերազանցության ազգային ծրագիրն իրականացնող կենտրոններ, որի շրջանակներում ավելի քան 2000 ուսուցիչ պետք է վերապատրաստում անցնի՝ դասավանդելով «Արարատյան բակալավրիատի» հանրակրթական ծրագրով: Ըստ այս նախագծի հեղինակների, ընտրված, վերապատրաստված ուսուցիչները ոչ միայն կստանան բավական բարձր՝ 400 հազար աշխատավարձ, այլև «կտարբերվեն իրենց արժեհամակարգով ու որակով»:

Բյուջեից այս ծրագրի իրականացման համար անցյալ տարի տրամադրվել էր մոտ 200 միլիոն դրամ, ծրագրի հաջորդ փուլերում գումարները մեծանալու են: Սակայն արդյո՞ք այդ ծրագրի շնորհած բարիքներից օգտվելու են բոլորը, այդ թվում՝ գյուղական համայնքների երեխաները, առավել հավանական է, որ ոչ:

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ այս ծրագիրը «ևս մեկ բարեփոխում է, որը շրջանցելու է գյուղական համայնքները՝ խորացնելով զարգացման անհամաչափությունը»:

Եթե երկրում երեխաների առնվազն 40 տոկոսը (ԱՎԾ տվյալներով) աղքատ է, իսկ 3,3 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ, ապա խնդիրները կրթության ոլորտում կրկնապատկվում են:

«Իհարկե, օրինակ` Այբ-ը ասում է եթե երեխան փայլուն գիտելիքներ ունի, կապ չունի սոցիալական վիճակը, բացարձակ անվճար կարող է սովորել, սակայն աղքատ, բայց ամենատաղանդավոր երեխան էլ անգլերենի փայլուն գիտելիք չի կարող ունենալ, որ քննություն տա՝ ընդունվի, քանի որ հավելյալ պարապելու հնարավորություն չունի, կամ տրանսպորտի գումար ծախսի հասնի գերազանցության կենտրոններ, այսինքն` միևնույն է, ինչ-որ շեմ կա, որ աղքատ երեխաները չեն կարող հաղթահարել»,- ասում է Սերոբ Խաչատրյանը:

Կրթության ոլորտում բևեռացվածությունն ու որակյալ կրթության անհասանելիությունը փորձագետ Արտաշես Տոռոզյանը վտանգավոր է համարում՝ շեշտելով, որ այն «աղքատացման տանող և ապագան ռիսկային դարձնող» ուղի է:

«Այս իրավիճակի հետևանքով ունենում ենք մի ամբողջ սերունդ վատ կրթական ցենզով, այդ մարդիկ կորցնում են հետագայում իրենց կյանքը բարելավելու լուրջ հեռանկարից, այսինքն` աղքատության փակ շրջանից դուրս գալն առավել դժվարանալու է»,- ասում է Արտաշես Տոռոզյանը:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գայանե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031