Լրահոս
Օրվա լրահոսը

Դժգոհ են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգից

Մայիս 11,2015 12:30

«Դեպի Եվրասիական միություն» շարժման անդամ Իշխան Թովմասյանն այսօր ներկայացրել է իրենց առաջարկները, որոնք ցանկանում են տեսնել սահմանադրական փոփոխությունների ժամանակ:

Նա պատմեց, որ ամիսներ առաջ էլ հանդիպել ու քննարկել են գործող սահմանադրության թերություններն ու բացթողումները, ապա իրենց բացահայտած թերություններն ու առաջարկները ուղարկել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով:

«Սպասվելիք սահմանադրությունում առաջարկում ենք՝ անպայման ամրագրված լինեն խորհրդային սահմանադրության ընդունելի ու անվիճարկելի հոդվածները եւ մեկ օր առաջ անցկացնել հանրաքվե»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Իշխան Թովմասյանը:

Նա ներկայացրեց նաեւ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի պատասխան նամակը ու խոստովանեց՝ զարմացած է.« Անկեղծ ասած, չգիտենք, թե ինչի համար են մեզ շնորհակալություն հայտնել՝ տեղ գտած թերությունների՞, արված առաջարկությունների՞, թե՞ միայն նրա համար, որ առաջարկել ենք մեկ օր առաջ անցկացնել հանրաքվե»:

Նրա ձեռքին հիմա բարեփոխումների հայեցակարգն է, ասաց՝ ուսումնասիրել են, գլուխ չեն հանել. «Դժվար թե այս 51 էջը ընթերցողը գտնի մի կետ, նախադասություն, որտեղ գրված լինի, որ նախագահը, պետությունը կամ բարձրաստիճան որեւէ այլ պաշտոնյա պատասխանատու են իրենց քաղաքացու համար: Դա դեռ ոչինչ, ամենավտանգավորը այլ կետերն են… գրված է ՝ գործող կառավարման համակարգի համեմատ սկզբունքորեն նոր դեր պետք է իրականացնի հանրապետության նախագահը, որը պետք է ընտրվի ԱԺ-ի կամ ավելի լայն ընտրական կոլեգիայի կողմից…. Նախագահը չպետք է ունենա վերընտրման իրավունք, բայց որ նախագահը պետք է առաջնահերթ ստանձնի հաշտարարի եւ միջնորդի դեր: Ես եւ մեր ընկերները մտածում ենք, այս հայեցակարգից բխող սահմանադրությունը դժվար թե բխի ժողովրդի կամ քաղաքացու շահերից»:

Նրա համար ամենամտահոգիչ կետը վերաբերում է համայնքի ղեկավարների պաշտոնանկության ինստիտուտի ձեւավորմանը. «Մնացած ամեն ինչը իբր թե իդեալական էր, մնում էր համայնքի ղեկավարի պաշտոնանկության ինստիտուտը: Փոխանակ Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգն ավարտվեր, որ սահմանադրությունը պետք է արժանանա հայ ժողովրդի հավանությանը, նշված է՝ յուրաքանչյուր գլխում առաջարկվող փոփոխությունները քննարկվելու են Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ: Գալիս ենք այն կարծիքին, որ ՀՀ սահմանադրությունը, որից կախված է Հայաստանի քաղաքացիների ճակատագիրը, կամաց-կամաց արժանանում է ընտրական օրենսդրության ճակատագրին, ամեն հինգ տարին գնա Վենետիկյան հանձնաժողով, կոսմետիկ փոփոխություն կատարվի ու վերադարձվի: Լավ էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում ընտրական համակարգում ու ինչ կկատարվի այս դեպքում՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031