Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքներն այդպես էլ չխաչվեցին ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու օգուտների վերաբերյալ: Արտակ Դավթյանի կարծիքով՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն անցողիկ են, Անուշ Սեդրակյանը չհամաձայնեց. «Սանկցիաներն անցողիկ չեն ու չեն կարող լինել, քանի որ դրանց գինը Ղրիմից, Դոմբասից ու Լուգանսկից Ռուսաստանի հետդարձն է: Ու քանի որ ՌԴ-ն չի կարողանում իր քաղաքականությունը կառուցել տնտեսական մենաշնորհի վրա, ստիպված է այն կառուցել հողերի բռնազավթման և հավաքման քաղաքականությամբ»:
Դառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ տիկին Սեդրակյանն ասաց. «Սերժ Սարգսյանն առաջարկում է՝ ՀՀ-ն միջանկյալ օղակ լինել ՌԴ-ի, Իրանի միջև հարաբերություններում և գոնե մի քիչ սասանել ՌԴ-ի գազային դիկտատուրան»: Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ «ՀՀ-ն փորձում է իր բաժինը զոռով պոկել ԵՏՄ-ից»:
Արտակ Դավթյանը խոսեց ԵՏՄ մուտք գործելու օգուտների մասին. «Դա այլընտրանք չունեցող ընտրություն էր: Ի տարբերություն Ուկրաինայի, ՀՀ-ն ոչ թե հայտնվեց հակասությունների կիզակետում, այլ իրականում ձգտում է լինել կամուրջ արևելք արևմուտք, Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերություններում»:
Այն դիտարկմանը, հնարավո՞ր է ԵՏՄ տարածքում մեկ միասնական արժութային միավոր ներդրվի, տիկին Սեդրակյանը բացառեց: Արտակ Դավթյանի կարծիքով՝ այդ հարցի պատասխանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում է տվել, թե «եկեք մտածենք»:
Կարդացեք նաև
Անդրադարձ կատարվեց նաև այն հարցին, որ ԱՄՆ-ում ՀՀ նախագահին նախագահի մակարդակով չընդունեցին, կամ որ Մոսկվայի շքերթին մասնակցում էինք «մենք ու Աֆրիկան», իսկ Անգելա Մերկելը շքերթից մեկ օր անց այցելեց Մոսկվա, այն էլ «խիստ հայտարարություն արեց, թե Ռուսաստանը շարունակում է իր կեղտոտ քաղաքականությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ