Ինչո՞ւ է Երեւանում բնակարանների գնորդների թիվը կրճատվել է 34.5%-ով: Այսօր՝ մայիսի 11-ին, «Հենարան» ակումբում Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը խոսելով այս մասին՝ նշեց. «Գաղտնիք չկա, որ արտագաղթն ահավոր չափերի է հասել, եւ երեւի նաեւ դա է պատճառը: Ինչ վերաբերում է նորակառույցներին, դրանց տերերն ի սկզբանե ճիշտ բիզնեսով չեն զբաղվել, հակառակ դեպքում կմտածեին, որ այդ մակերեսներն անպայման բնակեցվեին: Կամ էլ դրանք ավելորդ փողեր են եղել, որոնց տերերի համար մեկ է, թե էդ բնակարանները երբ կվաճառվեն: Մեծ մասը բնակարանները գնել է տարվա մեջ երկու ամիս ապրելու համար: Բնակչության մեծ մասը, սակայն, հսկայական գումարներ չի կարող վճարել, որ գնի նման բնակարաններ: Եթե մարդիկ կառուցել են այդ շենքերը եւ իրենց վեջը չի, որ մարդ չի ապրում այդտեղ, ուրեմն իրենք բացարձակապես ուրիշ խնդիրներով են զբաղված: Թե չէ, մեր ժողովուրդը հեշտ գնացող չի երկրից, նրանց էստեղից տանում է աշխատանք չունենալը եւ իշխանությունների ցինիկ վերաբերմունքը: Եթե այս ժողովուրդը կառուցել է, պատերազմի տարիներին, ամեն ինստիտուտ եւ ակադեմիա է բացել, ուրեմն այդ ժողովուրդը կդիմանար դժվարությանը: Ցավոք մեր երկրում երկու հարթություն կա, մեկը սովորական մարդկանց համար, մյուսը՝ ընտրյալների: Այլապես նման կլիմայական պայմաններ, հիանալի բնություն ու հուշարձաններ ունեցող երկրից չէին գնա: Գնացածների մեծ մասը հնարավորություն էլ չունի գոնե երեք տարին մեկ անգամ հետ գա»:
Ճարտարապետների միության նախագահի համոզմամբ, վաղուց ժամանակն է, որ իշխանությունը այնպիսի քաղաքական գիծ ընտրի, որ ժողովուրդը աշխատատեղեր ունենա, զբաղվելու տեղ, թեկուզ գոնե փոքր արտադրամասեր ստեղծվեն: Ինչ վերաբերում է մեծ մոլերին, Մկրտիչ Մինասյանի խոսքով, դրանք այս քաղաքի համար չեն,քանի որ կառուցած են մեծ զարկերակների վրա եւ ուղղակի խանգարում են քաղաքի երթեւեկությանը, չնայած մյուս հարցերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ