Ինչպե՞ս են ճարտարապետները վերաբերվում եկեղեցիների թվի օրեցօր ավելացմանը: Այսօր՝ մայիսի 11-ին, «Հենարան» ակումբում այս հարցին անդրադարձավ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Իհարկե, որեւէ մեկին չես կարող արգելել իր գումարներով եկեղեցի կառուցի իր գյուղում, իր ծննդավայրում: Բայց մյուս կողմից էլ՝ վերջին տարիներին նոր կառուցված եկեղեցիների թիվը մոտենում է 100-ի: Խնդիրն ուրիշ կերպ պետք է դիտարկել. բանն այն է, որ մեր ժառանգությունը գտնվում է ոչ այնքան բարվոք վիճակում, եւ եթե այնպիսի քաղաքականություն տանեինք, որ ներդրողները կարողանային հասկանալ, որ հին եկեղեցին պետք է օգնեն պետությանը վերականգնել եւ ոչ թե դրա կողքին նորը կառուցել, ավելի լավ կլիներ»,-ասաց պարոն Մինասյանը:
Նաեւ օրինակ բերեց. «Ավանում կա չտեսնված միջնադարյան եկեղեցի, որը ոչ բարվոք վիճակում է գտնվում, տեղանքը, շրջապատն էլ սոսկալի աղբի մեջ կորած է, անգամ բնակիչներն էլ շինությունները մոտեցրել են եկեղեցուն, նույնն է պատկերը Գառնիի մոտ: Եթե ճիշտ քաղաքականություն վարենք՝ կպահենք մեր ժառանգությունը ու չի ստացվի, որ անընդհատ նոր եկեղեցիներ ենք կառուցում, ընդ որում կրկնում ենք տիպարային եկեղեցիները, նոր քայլ չենք անում եկեղեցաշինության մեջ, դրանք պարզապես կրկնողություններ են»:
Խոսելով նորակառույց սուրբ Աննայի մասին, ճարտարապետների միության նախագահն ասաց. «Երբ արդեն կառուցված է լինում, չես կարող ինչ-որ բան ասել, մանավանդ բացմանը նախագահն է մասնակցել, իհարկե լավ կլիներ Կաթողիկե եկեղեցին մնար իր անաղարտության մեջ, դա կլիներ արժեք, որը ցույց կտար, որ Երեւանն ունեցել է այդպիսի եկեղեցիներ: Այժմ ունեցանք մեծ եկեղեցի, որի թեւի տակ Կաթողիկեի փոքրիկ բեկորը վերածվել է ավելորդության»:
Կարդացեք նաև
Մկրտիչ Մինասյանը նշեց, որ դեռեւս շատ սրբերի անուններով եկեղեցիներ կունենանք, որոնց բարերարների հարազատների անուններով կլինեն:
Եվրավերանորոգված Հաղարծինի մասին էլ ճարտարապետն ասաց. «Մենք երբեք պճնված եկեղեցիներ չենք ունեցել, մեր եկեղեցիները եղել են ասկետիկ եկեղեցիներ, ամեն ինչ հավատի համար է եղել»:
Ինչ վերաբերում է Կոմիտասի թանգարանի հարեւանությամբ կառուցվելիք եկեղեցիին, Մկրտիչ Մինասյանը նշեց. «Ընդհանրապես գիգանտամանիան, որ հիմա ունենք, մեզ բնորոշ չէ, դա պայմանավորված է գումար ներդնողներով եւ եկեղեցու նախագծողի ճաշակով, չնայած ամբողջ աշխարհում կա քաղաքի ու բնակիչների շահը, որոնք պետք է հաշվի առնել, մենք չենք կարողանում այնպիսի միջավայր ստեղծել, որը պատվիրում է, եւ այն մարդը, որը նախագծում է, այլ կերպ կառուցի ու նախագծի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ